«ԵՐԵՎԱՆԸ ՄԻԿՈՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ԿԱՐԻՔԸ ՉՈՒՆԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցը հանրային շրջանակներում դեռ շարունակում է մնալ ակտիվ քննարկումների առարկա: Այս թեմայի շուրջ երեկ Երեւանի ավագանու մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն իր նախաձեռնությամբ արտահերթ նիստ անցկացրեց: Ըստ այդմ, Երեւանում Միկոյանի արձանի տեղադրմանը դեմ են արտահայտվել միայն ՀՀԿ խմբակցության անդամ, Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, «Բարեւ Երեւան» խմբակցության անդամներ Ստյոպա Սաֆարյանը եւ Անահիտ Բախշյանը:

Հիշեցնենք, որ Ա. Միկոյանի արձանը մայրաքաղաքում տեղադրելու որոշումը կայացվել է Երեւանի ավագանու՝ ապրիլի 30-ի նիստում: Ա. Միկոյանի արձանի տեղադրմանը դեմ արտահայտվողների պնդմամբ՝ 1937-38թթ. արխիվային փաստաթղթերի համաձայն, Միկոյանը Խորհրդային Հայաստանի համար վտանգավոր համարվող անձանց վերացնելու նպատակով նամակ է ուղարկել Մոսկվա` խնդրելով գնդակահարման ու ձերբակալման ենթակա հայերի թիվն ավելացնել 1500-ով:
Նրանց խոսքով՝ արձանը տեղադրելու փոխարեն, հակառակը՝ պետք է դատապարտվի նրա արարքը:
«Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ տեղի ունեցած քննարկումն անարդյունավետ էր. «Հիմա ժողովուրդն է ասում, որ դեմ ենք, եւ դրա հետ հաշվի չնստել չենք կարող»:
Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Նահապետյանը հակառակն է պնդում՝ նշելով, որ ՀՀ տնտեսությունն այդ տարիներին զգալի վերելք է ապրել: Մարքսիստ Դավիթ Հակոբյանը նույնպես համաձայն է Նաիրա Նահապետյանի հետ. «Միկոյանը ինչքան հնարավոր է աշխատել է հայ ժողովրդի օգտի համար: Նրա անվան հետ է կապված 45թ.-ից սկսած զանգվածային հայրենադարձությունների գործունեությունը: Ինքն է Ստալինին առաջինը ներկայացրել զանգվածային հայրենադարձության անհրաժեշտությունը: Ավելին, ես պնդում եմ, որ եղբայր Միկոյանների արձանները տեղադրվեն Երեւանում: Այնպես որ, այն ավազակները, որոնք վայնասուն են բարձրացրել Միկոյանի նկատմամբ, կարծում եմ, դա ուղղակի դաշնակցական ավանտյուրայի հերթական գործն է»:
Քանդակագործ Դավիթ Մինասյանն էլ ավելորդ է համարում Ա. Միկոյանի արձանի՝ Երեւանում տեղադրելը. «Միկոյանի արձանը կա նաեւ Սանահինում, Էջմիածնում, Եղեգնաձորում, եւ ինձ թվում է, որ դա բավարար է: Երեւանը Միկոյանի արձանի կարիքը չունի»:
Հ.Գ. Հիշեցնենք, որ ստալինյան ռեպրեսիաներից դեռ տարիներ առաջ, 1919թ. Միկոյանը Լենինին նամակ է գրել, որտեղ ասվում է, որ Արեւմտահայաստանի հարցը պետք է լուծել հօգուտ Թուրքիայի, որպեսզի Արեւելքի մուսուլմանները հարեն համաշխարհային հեղափոխությանը։ Փաստաթուղթը հրապարակված է պրոֆեսոր Յ. Բարսեղովի՝ «Հայոց հարց»-ի վերաբերյալ գրքում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս