«Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը, ով մասնակցել է արցախյան ազատամարտին, համոզված է, որ Շուշիի ազատագրումը պատերազմի ամենամեծ բեկումներից մեկն էր։ Դրա արդյունքում մայրաքաղաք Ստեփանակերտը, որտեղ բնակվում էր Արցախի բնակչության առնվազն մեկ երրորդը, կարողացավ հանգիստ շունչ քաշել, ապա հետեւեց Լաչինի միջանցքի, այսինքն՝ Քաշաթաղի եւ այլ բնակավայրերի ազատագրումը։ «Բայց երբեք պետք չէ շատ ուրախանալ, զգոնությունը կորցնել, որովհետեւ այսօր էլ պատերազմն ավարտված չէ, ընդամենը, կարելի է ասել, ժամանակավոր հրադադար է։ Իսկ հաղթանակները դեռ առջեւում են, եւ դրանք պետք է արձանագրել, երբ աշխարհը ընդունի, որ դա Հայաստան է կամ ճանաչի Արցախի անկախությունը։ Բայց աշխարհը, ՄԱԿ-ը, բնականաբար, հակառակորդը չի ընդունել, եւ պետք է ամեն օր պատրաստ լինել խնդրի՝ նաեւ ռազմական նորովի լուծմանը»,- ասաց Գինոսյանը:
– Սակայն պատերազմի հերոսները, ազատամարտիկներն այսօր անտեսված են, պետությունը որեւէ կերպ չի աջակցում եւ ուշադրություն չի դարձնում նրանց խնդիրներին: Մտավախություն չունե՞ք, որ նրանք այլեւս վտանգի դեպքում ոտքի չեն կանգնի։
-Կարծում եմ՝ այն ժամանակ էլ ոտքի չեն կանգնել այն մարդիկ, ում նկատմամբ ինչ-որ հատուկ ուշադրություն կար։ Ով իրեն հոգու խորքում ընկալում է որպես ազատամարտիկ, ազգի զինվոր, միեւնույն է՝ ելնելու է թշնամու դեմ։ Առաջին գծում հայտնվելու է նույնիսկ մեր ջոկատի Վլադիմիր Ավետիսյանը, ով հիմա բանտում է, պայքարում է ազատամարտի նվիրյալների կենսապահովման, զոհվածների ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման համար։ Թող որեւէ մեկը չմտածի նույնիսկ, որ եթե մեր սերնդին, ազատամարտիկներին լավ չնայեն այսօր, վաղը նրանք չեն կռվելու։ Մենք չենք կռվելու (ու չենք կռվել) իրենց համար, մեր կռիվն իրենց հետ կապ չունի, իրենք չեն հայրենիքը, հայրենիքն այլ երեւույթ է, հոգեւոր է, աշխարհագրական տարածք չէ։ Այնպես որ՝ ավելի քան վստահ եմ, որ այդ տղաների մեծ մասի ոգին շատ ավելի բարձր է, քան օրվա աթոռավորներից շատերինը։ Իհարկե, դա չի նշանակում, որ իշխանությունները պետք է արհամարհեն ազատամարտի մասնակիցներին, թողնեն, որ նրանք ապրեն խղճուկ սոցիալական վիճակում։
-Ո՞վ է, ըստ Ձեզ, մեր ժամանակների հերոսը:
-Մարդկանց տարբեր շերտերի մոտ պատկերացումները տարբեր են։ Օրինակ՝ ինչ-որ մեկի համար օլիգարխն է հերոս, որը կարողացել է ժողովրդին թալանել, նրա հաշվին հարստանալ։ Իսկ մյուսի համար Եռաբլուրում պառկած տղան է հերոս։ Այսպիսի մի ասացվածք կա. «Ասա՝ ով է ազգիդ հերոսը, ասեմ՝ ինչպիսին է ազգդ եւ ինչ ճակատագիր է ունենալու»։ Խորհրդային շրջանում Չարդախլուում կանգնեցված էր ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին. կրկնակի հերոսների կիսանդրիները կանգնեցվում էին իրենց ծննդավայրերում՝ կենդանության օրոք։ Երբ մի 20-25 տարի առաջ ադրբեջանական զորքերը բռնազավթեցին Չարդախլուն, պատվանդանից գցեցին Բաղրամյանի կիսանդրին, տեղը տրեցին Ղաչաղ Նաբիի արձանը, իսկ ղաչաղ նշանակում է թալանչի, մարդասպան։ Եվ հենց սա ցույց է տալիս, թե ում հերոսը ով է։ Հետագայում մեր հերոսը Մոնթեն էր, ով փրկում էր ազգը, Լեոնիդ Ազգալդյանն էր, ով փրկում էր Արցախի ժողովրդին նոր ցեղասպանությունից. Մարաղայի կոտորածներից հետո առաջինը նրա ջոկատը մտավ փրկելու մարդկանց, եւ առաջամարտիկների թվում էր նաեւ Վոլոդյա Ավետիսյանը։ Իսկ ադրբեջանցիների հերոսը Սաֆարովն է, որը քնած հայ սպայի է մորթում։ Բայց ցավով տեսնում ենք, որ մերօրյա Հայաստանում ո՛չ Մոնթեի արձանը կա, ո՛չ նույնիսկ Նժդեհի, ո՛չ Լեոնիդ Ազգալդյանի։ Անկախ Հայաստանը տասնհինգ Ազգային հերոս ունի, որոնցից ընդամենը հինգն են զոհվել կռվի դաշտում, եւ նրանցից ոչ մեկի արձանը քաղաքի կենտրոնական մասում, այսինքն՝ այնտեղ, որտեղ պիտի լիներ, չկա։ Ես այս տոն օրով վախենում եմ տխուր կանխագուշակում անել, բայց չեմ կարող նաեւ սթափության կոչ չանել բոլորիս։ Միգուցե մեր իսկական հերոսների արձանները չեն դրվում միտումնավոր, որ վաղը հայի «ղաչաղ նաբիների» արձաննե՞ր դրվեն։
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ