ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԱԺ բնականոն աշխատանքը կազմակերպելու համար քառօրյա նիստերից շատ բացառիկ դեպքերում պետք է պատգամավորները մեկնեն նման ֆորումների»:

Գալուստ Սահակյան Tert.am

Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահ էլ դարձավ, միեւնույն է՝ չսովորեց նորմալ ու հասկանալի ձեւով իր մտքերն արտահայտել, չսովորեց նաեւ գոնե այնպես ստել, որ լսողը հավատալու շանսեր ունենա: Սակայն կարելի է եւ ազնիվ լինել երբեմն, քանի որ բոլորիս էլ պարզ է, որ ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալուց հետո ՀՀԿ խմբակցությունը քանակական առումով խնդիրների առաջ է կանգնում, եւ ընդամենը 6 բացակայի դեպքում ՀՀԿ խմբակցությունն արդեն կարող է մեծամասնություն չկազմել ԱԺ-ում, եւ տվյալ օրինագծի քվեարկության արդյունքները կարող են լինել ոչ իր օգտին: Այդ պատճառով էլ սահմանափակվում են ՀՀԿ-ականների գործուղումները ԱԺ-ից:

 
«Ինչո՞ւ եք մտածում, որ ղեկավարի մասին պետք է միայն վատ բաներ խոսեն»:

Հրանուշ Հակոբյան Azatutyun.am

Իհարկե, ղեկավարի մասին պետք է նաեւ լավը խոսել, բայց դա կախված է արդեն ղեկավարի ոչ թե ցանկությունից, այլ գործի որակից: Իսկ ոչինչ չանելու եւ նույն պաշտոնում հավերժ մնալու համար լավը խոսելն առնվազն ծիծաղելի է հնչում, ինչպես, օրինակ, Սփյուռքի նախարարության աշխատակիցների՝ սփյուռքի նախարարին հասցեագրված շնորհավորական խոսքի դեպքում, ինչը բազմաթիվ ընթերցողների ծիծաղն էր առաջացրել: Տիկին Հակոբյանը թերեւս ինչ-որ առումով իրավացի է, իր մասին կարելի է լավ բան ասել, որովհետեւ եթե տրամադրությունդ վատ է, կարող ես մտնել նախարարության կայքէջ եւ մի կուշտ ծիծաղել նախարարին ուղղված ձոների վրա:

 

 

«ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեռ չի կողմնորոշվել, թե ինչպես է քվեարկելու պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի մասին օրենքի լրամշակված տարբերակին»:

Միքայել Մելքումյան Slaq.am

ԲՀԿ-ի մոտ ընդհանրապես կողմնորոշվելը միշտ դժվար է ստացվում, դրա համար էլ դարձավ «այլընտրանք», քանի որ այս արհեստական դերում շատ հարմար է միշտ չկողմնորոշված մնալը: Հիմա էլ խնամի վարչապետի նոր պարագայում ԲՀԿ-ն արդեն ավելի անկանխատեսելի կարող է դառնալ: Իսկ ԲՀԿ-ական պատգամավորի այս ասածը բնականաբար չի կարող լինել անձնական կարծիք, այլ արտահայտում է քաղաքական ուժի մոտեցումը, որը կուտակայինի հարցում ի սկզբանե փոփոխական է եղել. նախ՝ ԲՀԿ-ն «կողմ» է քվեարկել, հետո ԲՀԿ-ական պատգամավորները սկսել են «դեմ» արտահայտվել, հիմա էլ՝ չկողմնորոշված են:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս