ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԸՆԴԴԵՄ ՀՀԿ-Ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոալիցիոն ԲՀԿ-ն երեկ միացել է ընդդիմության` համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ նախաձեռնությանը: Ավելին, երեկ ԱԺ երեք խմբակցություններ` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը, նամակ են ուղարկել ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին ու պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին` խնդրելով 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու հարցի վերաբերյալ ԱԺ-ում խորհրդարանական լսումներ հրավիրել: Սա ուշագրավ է այն առումով, որ ՀՀԿ-ն, փաստորեն, միակն է, որ այս պահին դեմ է 100 տոկոս համամասնական ընտրակարգին, մինչդեռ կոալիցիոն գործընկերն, ընդհակառակը, պնդում է դրա անհրաժեշտությունը: Այս հարցի վերաբերյալ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար
-Ինչպե՞ս կմեկնաբանեք այն հանգամանքը, որ կոալիցիոն ԲՀԿ-ն ոչ միայն կողմնակից է համամասնական ընտրակարգին, այլեւ արդեն խորհրդարանական ընդդիմության հետ հանդես է եկել խորհրդարանական լսումներ կազմակերպելու միասնական նախաձեռնությամբ:
-Եթե հանձնաժողովը կորոշի լսումներ անել, մենք էլ, հարգելով այդ որոշումը, պատշաճությունից ելնելով, կմասնակցենք դրան: Ընդամենը ուզում եմ հիշեցնել, որ ԲՀԿ-ն Ընտրական օրենսգրքի նախագծի համահեղինակներն են եղել ու այդ նախագծին կողմ են քվեարկել: Եթե այնտեղ անձինք կան, որ տեսակետ են արտահայտում, ասեմ, որ մեզ մոտ էլ կան մարդիկ, որոնք կարող են ասել, թե ճիշտը համամասնական ընտրակարգն է:
-ՀՀԿ-ն ո՞նց է գնահատում ԲՀԿ-ի ներկայիս պահվածքը:
-Նորմալ, մարդիկ քննարկելու խնդիր ունեն, կարծում եմ` նորմալ է, որ քննարկումներ տեղի ունենան:
-Իսկ եթե ԲՀԿ-ն կողմ քվեարկի, ՀՀԿ-ն, ըստ էության, կմնա մենա՞կ:
-ԲՀԿ-ի հետ դեռ նման քննարկում չի եղել, եթե ԲՀԿ-ն կողմ քվեարկի, իր նախորդ որոշումն իր ձեռքով չեղյալ կհամարի: Այդքան բան: Բայց օրինագիծն էլ չի անցնի: Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն կողմնորոշված է կողմ քվեարկելուն: Նման տեսակետ ինձ հայտնի չէ:
-Ձեր կարծիքով, սա կարո՞ղ է հանգեցնել կոալիցիայի փլուզմանը, իշխանության մեջ ճաքերի առաջացմանը:
-Իշխանությունների` ճաք տալու ժամանակաշրջանն անցել է արդեն, մոտենում են նոր ընտրություններ: Չէ՛, չեմ կարծում նման բան:

ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր
-Ինչո՞ւ որոշեցիք խորհրդարանական ընդդիմության հետ հանդես գալ նման միասնական նախաձեռնությամբ:
-Մեծ հնչողություն ունեցող հարց առաջ եկավ` կապված համամասնական ընտրակարգին անցնելու հետ: Եւ ես կարծում եմ` չի կարելի առանց արձագանքի թողնել այս հարցը, առավել եւս` ԲՀԿ-ն դեռեւս 2007թ. էր իր ծրագրում ամրագրել ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու գաղափարը: Հիմա քանի որ այդ հարցը բարձրացավ ու ստացավ մեծ հասարակական հնչեղություն, բնական է, որ մենք եւս արձագանքեցինք: Ու հիմա քաղաքական երեք ուժեր` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը, դիմում են ներկայացրել ԱԺ նախագահին խորհրդարանական լսումներ կազմակերպելու համար: Դրա արդյունքում պետք է հստակորեն կողմնորոշվենք` այս պահին այդ գործընթացի իրականացումը տեխնիկապես հասցնում ենք, թե ոչ:
-Այսինքն` հնարավո՞ր է` լսումներից հետո ԲՀԿ-ն հետ կանգնի այս մտադրությունից, թե՞ ոչ: ՀՅԴ-ն այդ հարցը ճանաչել է հրատապ ու արտահերթ կարգով կներկայացնի խորհրդարանի քննարկմանը: Դուք կո՞ղմ եք լինելու դրան, թե՞ ոչ:
-Իմ անձնական կարծիքն եմ արտահայտում. կարծում եմ` մենք պետք է միանանք դրան: Բայց խնդիրը մեր մյուս գործընկերների համար ավելի հստակ կարող է ներկայանալ միայն լսումների անցկացումից հետո:
-Ձեր կարծիքով, այս հարցն օրախնդի՞ր է, թե՞ ոչ:
-Ես դրան հակված եմ եղել դեռ 2006թ.: Ավելին, ես եղել եմ ԲՀԿ ծրագրի համահեղինակներից մեկը, այս գաղափարի կողմնակիցներից մեկը եւ իմ տեսակետը չեմ փոխել:
-ՀՀԿ-ն ասում է, որ Դուք ու Նաիրա Զոհրաբյանը եղել եք այս ԸՕ համահեղինակներից, ստորագրել եք նախագծի տակ ու այն ժամանակ չեք բարձրացրել այս հարցը, իսկ հիմա ձեր պահվածքը համարում են տարօրինակ:
-Մենք ինքներս արել ենք բազմաթիվ առաջարկություններ, դրանք ըստ հրատապության ընդունվել են: Ինչ վերաբերում է համամասնական ընտրակարգին, ապա մեր աշխատանքային խմբի աշխատանքների ժամանակ համամասնական ընտրակարգին անցնելու գաղափարը չի եղել հրատապ: Հոկտեմբերին հանրապետությունում դեռ չէր հասունացել այս հարցը, որ դառնար նոր ընդունվելիք ԸՕ քննարկումների առարկա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս