ԿՈՎԱԼԻ ԿԱՇԱՌՔԻ ԳՈՐԾԸ «ՓԱԿԵՑԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փորձը ցույց է տալիս, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը եւ նրան վերահսկող ՀՀ գլխավոր դատախազությունն ի վիճակի չեն Հայաստանում պաշտոնական կաշառակերության դեպքեր բացահայտել: Նրանք բոլոր դեպքերում միայն մեկ եզրահանգման են գալիս` «հանցադեպի բացակայություն»:
2008 թվականին մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը` Կովալը, 150.000 ԱՄՆ դոլար գումար է վերցրել Հրազդանի նախկին ոստիկանապետ Ավետիք Աբրահամյանից` նրան Կոտայքի մարզային ոստիկանապետ նշանակել տալու համար (այն ժամանակ ՀՀ ոստիկանապետն Ալիկ Սարգսյանն էր): Սակայն դատախազությունն ու ՀՔԾ-ն խոր լռություն պահպանեցին այդ թեմայով:
Երբ 2011 թվականի նոյեմբերի 30-ին «Ժողովուրդ»-ը հիշեցրեց այդ պատմությունը` հղում անելով մամուլի հրապարակումներին (քանի որ ՀՀ նոր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, որ մարդիկ, ովքեր կաշառքով են աշխատանքի նշանակվել, կազատվեն աշխատանքից), ՀՀ հատուկ քննչական ծառայությունը գործի անցավ: Խմբագրությունն անմիջապես զանգ ստացավ, որ ՀՔԾ-ում «Ժողովուրդ»-ի հրապարակման հիման վրա քննություն է սկսվել: Ավելին, խնդրեցին, որ իրենց տրամադրենք բոլոր այն հրապարակումները, որոնք եղել էին մինչ այդ: Հունվարի 16-ին մեր լրագրողը ՀՔԾ քննիչ Արիս Երեմյանին տվեց ողջ փաթեթը:
Անցավ 4 օր, հունվարի 20-ին նամակ ստացանք ՀՔԾ-ից, որտեղ նշված էր. ««Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված «Կաշառքով է պաշտոն ստացել» հոդվածի հիման վրա նախապատրաստված նյութերով 2012թ. հունվարի 17-ին որոշում է կայացվել նյութերով քրեական գործի հարուցումը մերժել ՀՀ քր.դատ. օր-ի 35 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ»: Վերջում հավելել էին, որ  որոշման հետ համաձայն չլինելու դեպքում կարող ենք այն բողոքարկել:
Այսպիսի տարօրինակ բան, թերեւս, միայն Հայաստանում կարող է լինել: «Ժողովուրդ» օրաթերթն ընդամենը հրապարակում է արել, որը ստուգելու եւ դրա հիման վրա քրգործ հարուցելու կամ մերժելու իրավունքը պատկանում է բացառապես ՀՔԾ-ին: Սակայն նրանք գործի հարուցումը մերժել են ու որոշման մասին տեղեկացրել խմբագրությանը` հավելումով, թե կարող ենք բողոքարկել: Բայց մենք չէինք դիմել ՀՔԾ-ին, որ մերժվելուց հետո էլ բողոքարկենք:
Սակայն միայն սա չէ այս պատմության մեջ հետաքրքիր նրբերանգը: Մերժման որոշումը քննիչը կայացրել է հոդվածի սկզբնաղբյուրներին ծանոթանալուց ուղիղ մեկ օր հետո: Այսինքն` 1 օրում քննիչը պարզել է, որ Կովալենկո Շահգալդյանը կաշառք չի վերցրել, եւ որոշել է մերժել քրգործի հարուցումը: Հետաքրքիր է, ինչո՞ւ ՀՔԾ-ն չի հարցաքննել մարզպետին, այսօր Աջափնյակի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Ավետիք Աբրահամյանին եւ վերջապես, հոդվածագրին: Գուցե պարզապես «Ժողովուրդ»-ի հրապարակումը եւս մեկ անգամ առի՞թ է դարձել, որպեսզի ՀՔԾ-ում հիշեն մարզպետին ու ոստիկանապետին, կանչեն նրանց, «ընկերական» զրուցեն ու համապատասխան վերաբերմունքի դիմաց բա՞ց թողնեն: Սա էլ չի բացառվում, եւ պետք է ասել, որ մենք ամենաշատը հենց այս վարկածին ենք հավատում: Թե չէ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտի` ով ինչպես է ապահովում իր պաշտոնական առաջխաղացումը:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս