ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե «Երեւան ջուր» ՓԲԸ-ի տեսուչն իրավունք ունի առանց բաժանորդի հաշվիչի ցուցմունքի տվյալները գրանցելու որոշակի գումար գրել: Տանս հաշվիչի ցուցմունքը հսկիչը չի նայել եւ գրել է, որ ես մեկ ամսվա համար` մինչ դեկտեմբերի 1-ը, պարտք եմ 4000 դրամ: Դա հնարավոր չէ, քանի որ ընտանիքս բաղկացած է 2 անձից, եւ 4000 դրամի ջուր հաստատ չի օգտագործվել: Խնդրում եմ պարզաբանել:

Ռուբեն Աբրահամյան, 32 տարեկան, տնտեսագետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ծախսի հաշվարկը եւ վճարումների շարժն իրականացվում են համապատասխան համակարգչային ծրագրի միջոցով, ինչը բացառում է մարդկային որեւէ միջամտություն, կնշանակի նաեւ` որեւէ սխալ: Նշենք նաեւ, որ համակարգչային ծրագրով միջինացված հաշվարկ կատարվում է միայն 3 ամսվա կտրվածքով: Այդ ընթացքում մասնագետ-տեսուչի կողմից ճշգրտված տվյալներ չներկայացնելու դեպքում համակարգչային ծրագիրը տվյալ բաժանորդի նկատմամբ ընդհանրապես ջրի սպառման հաշվարկ չի կատարում` ի վնաս ընկերության: Իսկ եթե այդ ընթացքում սպառողներն արդեն վճարած են լինում ներկայացված հաշվի համաձայն, ապա այդ «ավելորդ» գումարներն ընկերության կողմից դիտարկվում են որպես կանխավճար հետագա ամիսների համար: Ասել է թե` գումարները չեն կորչում:
Միեւնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ սպառողները պարտադիր չէ, որ սպասեն ջրամատակարար կազմակերպության ներկայացուցչի այցելությանը: Իրենք եւս կարող են գրի առնել ջրաչափերի ցուցմունքները եւ վճարումներ կատարել` ելնելով 174,065 դրամ 1մ3 դիմաց հաշվարկից: Ի վերջո, «Երեւան ջուր» ՓԲԸ-ն շնորհակալ կլինի սպառողներից, եթե նրանք զանգահարեն 1-85 հեռախոսային կենտրոն եւ տեղեկացնեն ջրաչափերի ցուցմունքների մասին: Դա թույլ կտա մասնավորապես թե՛ երկուստեք խուսափել նմանատիպ թյուրիմացություններից եւ թե՛ բարձրացնել սպասարկման որակը համակարգում:

«Երեւան ջուր» ՓԲԸ հաղորդակցության բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե սպառողը սկսի ինքնագործունեությամբ զբաղվել եւ հաշվիչի ցուցմունքն ինքնուրույն գրել,  նաեւ վճարում կատարել, ապա հաստատ ինչ-որ բան կխառնվի: Իհարկե, «Երեւան ջուր»-ն ամեն գնով ձգտում է սպառողներից  կանխավճար գանձած լինել, բայց բոլոր նրանք, ովքեր երբեւէ ավելին են վճարել, երեւի թե համոզված կլինեն, որ ոչ մի լավ բան անպատիժ չի մնում:




Լրահոս