Օտարներն ընկալում են հայկական ազգային երգն ու պարը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Սասուն» ազգային երգի-պարի համույթը մոտ մեկ շաբաթ առաջ է վերադարձել Վրաստանից:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Սարկավագ Մանուկյանն ասաց, որ համույթը մանկական խմբով մեկնել էր մասնակցելու մի մրցույթի, որտեղ նախկին ԽՍՀՄ երկրները ներկայացնում էին իրենց ազգային երգն ու պարը:

Հայկական խումբը Վրաստանից վերադարձել է հաղթանակով. համույթն արժանացել է դիպլոմի եւ մեդալի` որպես տարածաշրջանի լավագույն համույթներից մեկը: Սրանից բացի` խումբը բարեգործական համերգով է հանդես եկել Բաթումի հայկական եկեղեցու բակում: Նման համերգները, ըստ Անդրանիկ Սարկավագ Մանուկյանի՝ կարեւոր են այնքանով, որ դրանց միջոցով եւս մեկ անգամ օտարներին է ներկայացվում հայկական ազգային երգն ու պարը:

Տարածված այն կարծիքը, թե օտարների համար հասանելի չէ հայկական ազգային երգն ու պարը, արվեստագետը չի կիսում. «Բազում համերգներով ենք հանդես եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում , Խորվաթիայում եւ երբեւէ չեմ լսել կամ զգացել, որ այլազգիներին հասանելի չէ մեր մշակույթը: Երբ բացատրական աշխատանքներ են տարվում, ապա ամեն ինչ էլ ընկալելի է: Օրինակ` ես անգլերեն չգիտեմ, բայց անգլալեզու երգեր լսում եմ, եթե ինձ հոգեհարազատ են»:

Համույթի ղեկավարը կարծում է, որ հայկական երգն ու պարը քարոզելուն զուգահեռ, պետք է տարվեն նաեւ բացատրական աշխատանքներ: Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը վստահեցնում է, որ այսօր աշխարհին կարող ես զարմացնել միայն քո ազգային արվեստով, ուստի այսօր պետք է քարոզել մաքրամաքուր հայկական արվեստը կլինի դա երգ, թե պար: «Այն, ինչ այսօր արվում է, մեծ մասամբ արվում է ոչ պրոֆեսիոնալ»,- ցավով արձանագրում է ստեղծագործողը:

Մյուս խնդիրը, որը հուզում է մեր զրուցակցին, այն է, որ տեղից վեր կացողը երգ է գրում, իսկ գրածն էլ քեֆերի մակարդակի գործ է: «Բոլորը դարձել են երգահան, աշուղ, ռեժիսոր ու չգիտեմ ինչ, ավելին` հաճախ ենք ականատես լինում` ինչպես են հայտնի երգը ձեւափոխում եւ հայտարարում, թե նոր բան են ստեղծել»: Նա, սակայն, միայն ստեղծագործողներին չի մեղադրում ոչ պրոֆեսիոնալ, քեֆչի գործեր ստեղծելու համար: Նրա կարծիքով՝ հանրության մի մասն ունի դրա պահանջը:

1 2 3
Չնայած արվեստում առկա խնդիրներին, արվեստագետը չի վհատվում` նա շարունակում է ստեղծագործել, պահպանել ազգային արվեստը. «Հիմա ես ժամանակակից տեխնիկայի օգնությամբ ձայնագրում ու տեսագրում եմ հետաքրքիր ազգային երգեր ու պարեր»:

Սոնա Դավթյան




Լրահոս