ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

20-ԱՄՅԱԿԻՆ` 20 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
Հունվարի 27-ին Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը 20-հազարական դրամ է բաժանել մարզի զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Ողջունելի է, որ այս անգամ ոչ թե ազատամարտիկների ընտանիքներն են եկել գումար ստանալու, այլ  մարզպետարանի աշխատակիցներն են գումարը տարել նրանց` մինչեւ հեռավոր գյուղեր:

ՄԵԴԱԼՆԵՐ` ԱՋ ՈՒ ՁԱԽ
Հայաստանի զինված ուժերի կազմավորման 20-ամյակի եւ ՀՀ զինված ուժերի կայացման ու բանակաշինության գործում ունեցած ներդրման համար ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը պաշտպանության նախարարի հրամանով պարգեւատրվել է «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով: Նույն պարգեւին են արժանացել նաեւ ԱԺ պատգամավորներ Հրանտ Գրիգորյանը, Միքայել Մանուկյանը, Ռուբեն Հայրապետյանը, Աշոտ Աղաբաբյանը, Ռուբեն Գեւորգյանը, Ռուստամ Գասպարյանը: Եթե նշված ցուցակի մնացած անդամներն այս կամ այն կերպ մասնակցել են բանակաշինությանը, ապա Նեմեց Ռուբոն այդ տարիներին  զբաղվել է բացառապես «Հայծխախոտ»-ում իր բիզնեսաշինությամբ:

ՄԱՐՔՍԻՍՏԸ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ
Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը մեծամասնական ընտրակարգով կառաջադրվի 41-րդ ընտրատարածքում:  Այդ մասին հայտնել է  ինքը` Դավիթ Հակոբյանը:

ԴԻՄԱԿԱԶԵՐԾՈՒՄ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ: Այս նշանակումը բավականին խոսուն կերպով ցույց է տալիս ժամանակին իրենց երդվյալ ընդդիմադիր ներկայացնող որոշ ուժերի իրական դեմքը: Հիշեցնենք, որ նույն Ալեքսան Կարապետյանի հրապարակային բոլոր ելույթների հիմնական թիրախը «Քոչարյան-Սարգսյան հանցավոր զույգն» էր:  

ԹԱՄԱՄԸ` ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Երեկ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի գործն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: ՀՔԾ-ն արդեն հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ գործն ուղարկել է դատարան: Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով` պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Հովհաննես Թամամյանին կալանավորել են քրեական մի գործի նախաքննությունը շեղելու եւ իրական մեղավորին պատասխանատվությունից ազատելու համար:




Լրահոս