Ֆուտբոլի Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականների միջև ընկերական հանդիպումն ավարտվեց: Հայաստանի հավաքականը հաղթեց 4:3 հաշվով:
Խաղի հաշիվը 37-րդ րոպեին բացեց պաշտպան Լևոն Հայրապետյանը, ով իր առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքականի կազմում: Սակայն 3 րոպե անց մրցակիցը հավասարեցրեց հաշիվը, իսկ արդեն 42-րդ րոպեին Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջ մղեց Հայաստանին՝ 2:1:
Հենց այս հաշվով էլ թիմերը գնացին ընդմիջման: Երկու գոլային փոխանցումներն էլ կատարեց Յուրա Մովսիսյանը:
Երկրորդ խաղակեսի 52-րդ րոպեին հաշիվը կրկին հավասարվեց՝ 2:2: Ասիացիների երկրորդ գոլը խփեց Մակբուտը: Խաղի 67 րոպեին Հենրիխ Մխիթարյանը դարձյալ առաջ մղեց թիմին՝ 3:2: Նա դարձավ դուբլի հեղինակ, իսկ հարձակվող Յուրա Մովսիսյանը կատարեց երրորդ գոլային փոխանցումը:
71-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանը խփեց իր առաջին գոլը Հայաստանի հավաքականի կազմում, իսկ հաշիվն էլ դարձավ 4:2: Արդեն 86-րդ րոպեին Մոհամեդ Սալեմը խաղի հաշիվը դարձրեց 4:3:
Նշենք, որ այս խաղը Հայաստանի հավաքականի մարզիչ Բեռնարդ Շալանդի առաջին խաղն էր: