ԱՆՏՈՒՆ ԵՎ ԱՆՀՈՒՅՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմիկ Հովհաննիսյանի բազմանդամ ընտանիքը 88-ի երկրաշարժից հետո` մինչ օրս, ապրում է Սպիտակի Քըրք Քըրքորյան փողոցի 102 տնակում: Ծնունդով սպիտակցի Արմիկը որոշ ժամանակ ապրել էր Վրաստանում, սակայն աղետի լուրն իմանալով` ընտանիքի հետ միասին անհապաղ վերադարձել է հայրենիք` հարազատներին մոտ լինելու համար: Ինչպես ինքն է ասում` թողեց քաղաքի կյանքն ու ինքնակամ ընդունեց դժվարությունները: Ծնողները շուտ են մահացել: Նրանք հողամասում տնակ են դրել եւ հարմարվել ժամանակավոր դժվարություններին: Արցախյան ազատամարտի մասնակից ամուսինը 2 հերթափոխով աշխատում էր կառուցվող տների շինարարությունում որպես բանվոր, սակայն ծանր գործ անելու ժամանակ ձեռք է բերել ողնաշարի խնդիրներ եւ հիմա հիվանդության պատճառով չի կարողանում աշխատանք գտնել: «Մենք էլ ստեղ կվարտիրա չենք կորցրել, ոչ մի ծրագրից չենք կարող օգտվել: Շատ դժվար ա մեզ համար: Էս դոմիկի պատերը միշտ թացանում են, տեղաշորը սաղ թաց ա, առավոտները շատ դժվար ենք արթնանում»,-ասում է տիկին Արմիկը: Համատեղ ուժերով փորձել են տնակներն իրար միացնել, ամբարձիչ են բերել, սակայն չափազանց մաշված լինելու պատճառով պատերն առանձնացել են, եւ այլեւս չեն կարողացել միացնել. «Հմի էդ անցքերը լրիվ բաց են, կռիսները, մկները մտնում են, ամեն ինչ կրծում են»: Կոմունալ ոչ մի հարմարություն չկա, 6 հոգանոց ընտանիքը ջուր չունի, ստիպված ջրհոր են փորել, օգտվում են արտեզյան ջրից: «Որ մի տոն է լինում, իմ երեխաները հաղորդ չեն լինում էդ ուրախությանը: Մեզ լիարժեք մարդ չենք զգում»,-սրտնեղում է տիկին Արմիկը: 3 արու զավակներից երկուսն արտագնա աշխատանքի են, կրտսերը դեռ վարժարանը չի ավարտել, ավարտելուն պես բանակ է գնալու, դուստրն էլ 15 տարեկան է: Ընտանիքում ոչ ոք չի աշխատում: Հող են մշակում, գոյատեւում են դրանով: Դիմել են Սպիտակի քաղաքապետարան, որտեղ ասել են, որ մինչեւ վերեւից կարգադրություն չլինի, եկածներին բնակարան չեն կարող հատկացնել, պետությունը փող չունի: Նպաստն էլ հերիքում է միայն ալյուրին ու լույսի վարձին: Միակ երազանքը փոքրիկ տուն ունենալն է, որ հյուրեր ընդունելիս չամաչեն, առանց այն էլ կորցրած առողջություններն էլ ավելի չվատանա: «Աստված ղեկավարների սրտում լինի, որ մի բան մտածեն,-ասում է Արմիկն ու ավելացնում,-Ռիտա Սարգսյանին էլ եմ դիմել, ուրիշներին էլ, բայց ոչ մի փոփոխություն: Հույսս չեմ կորցնում, գոնե էրեխեքս օտարությունից գան, տուն ունենան, ամուսնանան, թե չէ ո՞վ իր աղջկան հարս կուղարկի տնակ: Ուզում եմ իմ հայրենիքում մնամ, թեկուզ քիչ, բայց մի հնարավորություն լինի»:

ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս