ԿԱՍԿԱԾԵԼԻ ՄԱՀ` ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց բանակի 20-ամյակի նախօրեին` հոկտեմբերի 27-ին, ԼՂՀ զորամասի Մարտակերտի շրջանում` սահմանին, հրազենային մարմնական վնասվածքից մահացել է զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Փայլակ Շահնազարյանը: Երեկ Փայլակի հուղարկավորությունն էր:
Վերջինիս ճանաչողները վստահեցնում էին, որ նա շատ խելացի տղա էր եւ դժվար թե ծառայության ժամանակ որեւէ լուրջ խնդիր ունենար, որը կհանգեցներ այդ դժբախտությանը: Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, ըստ որի` հոկտեմբերի 27-ին` ժամը 03:05-ի սահմաններում, ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից տեղում մահացել է նույն զորամասի ժամկետային զինծառայող Փայլակ Շահնազարյանը: Երեկ` ողջ օրվա ընթացքում, «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Փայլակի հարազատների հետ, սակայն վերջիններս հրաժարվում էին խոսել, իսկ նրանց մտերիմների հեռախոսներն անհասանելի էին: 19-ամյա ժամկետային զինծառայողը Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղից էր, իսկ բանակ զորակոչվել էր Իջեւանի զինկոմիսարիատից:
Զրուցեցինք Ակնաղբյուր գյուղի դպրոցի տնօրեն Էդիկ Քիրաբյանի հետ: Վերջինս նշեց, որ Փայլակի ընտանիքին լավ է ճանաչում, լավ գիտի նաեւ իր դպրոցի աշակերտ Փայլակ Շահնազարյանին: «Ինքը շատ խելոք, համեստ տղա էր, ինը տարի մեր դպրոցում ա սովորել, հետո երկու տարի էլ գնաց, Իջեւանում շարունակեց իր կրթությունը: Շատ համեստ տղա էր, կռվարար չէր, հլը մի բան էլ ասեմ, ինքը ոնց որ ժամանակակից էլ չլիներ, խելոք երեխա էր»,-պատմեց դպրոցի տնօրենը: Մեր զրուցակիցը նշեց, որ Փայլակի ընտանիքը նորմալ պայմաններում է ապրում եւ գյուղի մեջ հայտնի է որպես շատ համեստ եւ խելացի ընտանիք: Վերջիններս հիմնականում գյուղատնտեսությամբ են իրենց առօրյա խնդիրները հոգում: Քիրաբյանը նշեց, որ Փայլակն ընտանիքի միակ արու զավակն էր, իսկ նրա միակ քույրը սովորում է նույն դպրոցի 4-րդ դասարանում:
Ակնաղբյուրի գյուղապետ Կարեն Դոլմազյանը եւս Փայլակին բնութագրեց որպես խելացի եւ հավասարակշռված մարդ: Մեզ հետ զրույցի ժամանակ նշեց, որ նրա ընտանիքը աչքի է ընկնում իր պարկեշտությամբ: Տեղեկացանք, որ Փայլակը մի հորեղբայր ունի, որը ՌԴ-ում է ապրում, եւ լսելով եղբորորդու մահվան լուրը`  վերադարձել է գյուղ:  
Հուղարկավորությանը ներկա գտնվողները նշեցին, որ Փայլակ Շահնազարյանի սպայական անձնակազմից եւս մարդիկ կային, որոնցից Փայլակի հարազատները կարծես ճնշվել էին եւ խուսափում էին լրագրողների հետ զրուցել: Ի դեպ, գյուղացիների պնդմամբ` մահացած զինվորի հարազատները վստահ են, որ լուրջ միջադեպ է տեղի ունեցել Փայլակի եւ նրա զինակից ընկերների միջեւ, ինչը, սակայն,   ամեն կերպ փորձում է թաքցնել նրա սպայական անձնակազմը:
Երեկ շրջանառվում էր նաեւ մի տեղեկություն, համաձայն որի` Փայլակի զինակից ընկերը` Խաչատուր Սարգսյանը, դիրքերում ատամի մածուկ է լցրել քնած Շահնազարյանի դեմքին, իսկ վերջինս էլ արթնացել եւ հայհոյել է Սարգսյանին: Դրանից հետո վեճ է ծագել զինծառայողների միջեւ, որի արդյունքում Խաչատուրը կրակել է եւ սպանել Փայլակ Շահնազարյանին:
Երեկ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (սպանություն) հարուցվել է քրեական գործ, եւ կատարվում է նախաքննություն:
ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակը նշեց, որ սպանություն կատարելու կասկածանքով հունվարի 28-ին ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս