ՓՈՒՉԻԿՆԵ՜Ր, ՓՈՒՉԻԿՆԵ՜Ր…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստան»-ի միջեւ հակամարտությունը մեծ արագությամբ խորանում է եւ ստանում անթաքույց դրսեւորումներ բոլոր մակարդակներով` սկսած  կոալիցիոն գործընկերների խորհրդարանական «ծանր հրետանի» պատգամավորների լեզվակռվից, ավարտած լրատվական կայքերում ծավալվող տեղեկատվական պատերազմով:
Նախ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, խոսելով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու` ԲՀԿ հայտնած դիրքորոշման մասին, հայտարարել էր, որ ԲՀԿ-ն իր հայտարարությունների մեջ ազնիվ չէ, եւ հավելել. «Քաղաքականության մեջ հաջողում են այն ուժերը, ում այո-ն` այո է, իսկ ոչ-ը` ոչ: Սա քաղաքական հնարք է, եւ այստեղ մենք տեսնում ենք խոսքի եւ գործի հստակ տարբերություն: Ավելի լավ բան կարող էին հորինել»:
Ի պատասխան այս հայտարարության` ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ էր տվել Էդուարդ Շարմազանովին ձեռնպահ մնալ խոսքի եւ գործի անհամապատասխանության մասին խոսելուց եւ ընդգծել. «Խոսքի եւ գործի անհամապատասխանության, կատարյալ անգործության եւ ավելին, գործունեության վնասակարության այնպիսի դասական օրինակներ կան, որ անհրաժեշտության դեպքում կարող ենք հերթով թվարկել: Մենք ասել ենք, որ կողմ ենք բացառապես քաղաքակիրթ բանավեճի, բայց նաեւ նշել ենք, որ որեւէ հոխորտանք, ոչ կոռեկտ խոսք եւ փաստի խեղաթյուրում անպատասխան չի մնալու»:
Այսպես երկուստեք  միմյանց խորհուրդներ տալուց երկու կուսակցություններն անցան նախ զգուշացումների, ապա եւ սպառնալիքների ու վիրավորանքների: Մասնավորապես «Բարգավաճ Հայաստան»-ը հայտարարեց, որ կողմ է հարցի բաց եւ հրապարակային քննարկմանը եւ քաղաքական ուժերին քաղաքակիրթ պայքարի  կոչ արեց. «Պայմանը` ցանկացած քննարկում ծավալել բացառապես կոռեկտ եւ քաղաքակիրթ, մնում է ուժի մեջ: Իսկ այդ հորդորը համառորեն չհասկացողներին պատրաստ ենք իրենց իսկ գործի եւ խոսքի անհամապատասխանության մի ամբողջ ժողովածու նվիրել: Վստա՛հ եղեք` փաստերի պակաս չկա: Միայն թե ժողովածուն կարող է բազմահատոր ստացվել»:
Նաիրա Զոհրաբյանի` էլեկտրոնային կայքերից մեկում հայտնված «խորհուրդից» մի քանի րոպե անց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը  հակադարձեց. «Տիկին պատգամավորն ասելիքի բացակայության պատճառով սկսել է կրկնվել եւ խորհուրդներ տալ, իսկ խորհուրդներ տալիս են նրանք, ովքեր ավելի շատ խորհուրդների կարիք ունեն: «Բազմահատորյակ» նվիրելու փոխարեն տիկին Զոհրաբյանը ճիշտ կանի` գիտակցի, որ ՀՀԿ-ում միշտ էլ կգտնվի ասեղ, որը ցանկացած պահի կարող է պայթեցնել նույնիսկ քաղաքական ամենամեծ փուչիկը»:
Բնականաբար, «Բարգավաճ Հայաստան»-ի արձագանքը չուշացավ. կուսակցության նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը երեկ հայտարարեց. «Քաղաքական փուչիկներ պայթեցնող համարձակներին բարեկամաբար խորհուրդ ենք տալիս չդառնալ դատարկ օդով լցված փուչիկներ, որոնք, որպես կանոն, արագորեն օդ թռչելու հատկություն ունեն»:
Թե ինչպիսին կլինի հերթական պատասխանը, սպառնալիքը կամ միգուցե արդեն գործողությունները, ըստ ամենայնի, պարզ կդառնա շատ շուտով եւ կախված կլինի բացառապես Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններից: Իսկ որ նրանք կպայմանավորվեն, դրանում երկու կարծիք լինել չի կարող: Անկախ ԲՀԿ-ի պահվածքից` քաղաքական դաշտում գործում է վերահսկողական դաշտը:  

ԱԴՐԻՆԵ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս