Ծիրանն այս տարի շուկայում կվաճառվի 500 -1000 դրամով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014-ը հաջող տարի չէ գյուղատնտեսության համար, քանի որ կարկուտն ու ցրտահարությունը վնասներ հասցրին` վստահեցնում է «Հայ ագրարագյուղացիական միավորում» հկ նախագահ, գյուղատնտես Հրաչ Բերբերյանը:

Սակայն մեր պաշտոնյաները, ըստ գյուղատնտեսի, քանի որ ավարտել են Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջը, տարվա ավարտին գեղեցիկ թվեր կնկարեն` ասելով, որ տարին լավ ենք փակել:

Չնայած Լոռու մարզում տեղացած կարկուտի հետևանքով կարտոֆիլի բերքը վնասվել է, բարեբախտաբար, Հայաստանից կարտոֆիլի արտահանումը շարունակվում է. միայն այս ամսում 3000 տոննա է արտահանվել:

«Կարտոֆիլագործության վիճակը կայուն է, ցանքատարածություններն ավելացել են»,- ասաց Բերբերյանը:

«Հայ սպառողն այս տարի մատչելի գնով ծիրան կգնի՞» հարցին վերջինս պատասխանեց:

«Կունենանք բերքի ընդամենը 10 տոկոսը: Ծիրան այսօր կա Արագածոտնի մարզում: Կարծում եմ`շուկայում ծիրանի գինը միջինը կլինի 500-1000 դրամ 1 կգ-ի համար: Ծիրանի բերքի արտահանման մասին խոսք լինել չի կարող, իհարկե, բայց ամեն մեկս գոնե մի կիլոգրամ ծիրան ուտելու հնարավորություն կունենանք»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը:

Սոնա Դավթյան




Լրահոս