ՏՄՊՊՀ նիստին քիչ առաջ զեկուցվեց, որ «Ռոստելեկոմ » ընկերությունը դիմել է հանձնաժողովին` հայտնելով, որ իր ծառայությունների աշխարհագրությունը ընդլայնելու և բաժանորդներին ինտերնետ կապ տրամադրելու նպատակով անհրաժեշտ է վարձակալել «ԱրմենՏել» ընկերությանը պատկանող որոշ ենթակառուցվածքներ:
«Ռոստելեկոմը» տեղեկացրել է նաև, որ օրենսդրության պահանջին համապատասխան՝ կատարել է բոլոր վճարումները:
Սակայն «ԱրմենՏել»-ը «Ռոստելեկոմին» ներկայացրել է պայմանագիր, որտեղ բացի օրենսդրությամբ սահմանված վարձակալական գումարից, ներառված են եղել նաև լրացուցիչ այլ վճարներ, որոնք տարեկան հաշվով կազմում են մոտ 1.720.000 դրամ:
Փաստացի «Ռոստելեկոմը» չի կարող այդ ծառայություններն ստանալ մեկ այլ ընեկությունից, քանի որ նման ենթակառութցվածքներ ունի միայն «Արմենտելը»:
Վստահ լինելով, որ ընկերությունն այլընտրանք չունի, «Արմենտելը» փորձել է վերջինիցս լրացուցիչ գումարներ գանձել:
Զեկուցող Աննա Պետրոսյանը հայտնեց, որ «Արմենտելը» պարտավոր է բավարարել ցանկացած ընկերության դիմում, եթե վերջինս կատարել է համապատասխան ֆիքսված վճարումները:
Նիստին հրավիրված երկու կողմերն էլ արտահայտվեցին:
«Ռոստելեկոմ» ընկերության ներկայացուցիչը, ով հայտնեց, որ հանձնաժողովի միջամտությունից անմիջապես հետո «ԱրմենՏելը» սկսել է պատշաճ համագործակցել:
«Սկսել է օրենքի շրջանակներում համագորակցել մեզ հետ, «ԱրմենՏել» ընկերությունը մեր պահանջը իրականացրեց, այդ պատճառով խնդրում ենք հանձնաժողովին կասեցնել հայցի քննությունը, սակայն, եթե կրկին լինեն նման դեպքեր, մենք նորից կդիմենք հանձնաժողովին»,- ասաց «Ռոստելեկոմ»-ի ներկայացուցիչը:
Այսպիսով, հաշվի առնելով կողմերի ընդհանուր համաձայնության գալը, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հրապարակեց Հանձնաժողովի որոշումը, ըստ որի «Արմենտելը» նախազգուշացում չի ստանա, սակայն չի նշանակում, որ պետք է հետագայում ևս չարաշահումներ լինեն, որոնք կշտկվեն միայն ՏՄՊՊ հանձնաժողովի միջամտության դեպքում: