ՄԵՆՔ 1 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուղիղ մեկ տարի առաջ` փետրվարի 1-ին, լույս տեսավ «Ժողովուրդ» օրաթերթի առաջին համարը: Երբեմն  խմբագրակազմին թվում է՝ երկար ժամանակ է, ինչ մենք գործունեություն ենք ծավալում, որովհետեւ ընթերցողի հետ ամենօրյա «վիրտուալ» շփումը դարձել է կենսակերպ բոլորիս համար: Բայց փաստ է, որ օրաթերթն ընդամենը 12 ամիս է անխափան տպագրվում` ամեն օր ընթերցողներին ներկայացնելով իրենց հուզող խնդիրներին վերաբերող նյութեր ու հարցազրույցներ: Մեկ տարվա ընթացքում «Ժողովուրդ»-ը ձգտեց լինել իր անվանը հավատարիմ` ծառայել բացառապես հասարակությանը, ժողովրդին չտալ կեղծ, չճշտված տեղեկություն, չնենգափոխել ուրիշի խոսքերը եւ ամենակարեւորը, անկեղծ լինել ընթերցողի հետ: Մենք վստահ ենք, որ ընթերցողը թերթի «հետեւից» զգում է, թե անկեղծության ինչ չափաբաժնով են պատրաստված նյութերը, դրա համար էլ կարճ ժամանակում «Ժողովուրդ»-ը կարողացավ մամուլի ընտանիքում իր տեղը գրավել: Դրա վառ վկայությունն այն իրողությունն է, որ օրաթերթն իր գոյության կարճ ժամանակում արդեն 3 անգամ տպաքանակի շեշտակի աճ արձանագրեց:
Երբ մենք անում էինք մեր առաջին քայլերը, քաղաքական ու հասարակական շրջանակներում սկսեցին տարաբնույթ բամբասանքներ պտտվել, թե «Ժողովուրդ»-ն այսինչ պաշտոնյայի թերթն է, այնինչ երիտասարդի կողմից է ուղղորդվում, կոնկրետ ընտանիքի պատվերներով է աշխատում, սրա-նրա ականջներն են երեւում եւ այլն: Բայց կյանքը ցույց տվեց, որ բամբասանքները բավականին կարճ կյանք ունեցան, եւ դրանք հրապարակ նետողները համոզվեցին, որ «Ժողովուրդ»-ը չի կարող լինել որեւէ մեկի թերթը կամ ուղղորդվել որեւէ ճամբարից: Մենք սպասարկում ենք բացառապես ժողովրդի շահերը: Մեր գլխավոր ու միակ պատվիրատուն ընթերցողն է: Եւ հենց սա է պատճառը, որ քաղաքական դաշտում չեն կարողանում հանդուրժել մեր ներկայությունը: Մեկամյա օրաթերթի դեմ արդեն 3 դատական հայցեր են ներկայացվել, եւ ընդհանուր հանրագումարով շուրջ 6 մլն դրամ գումար են ցանկանում «պոկել»: Իշխող կոալիցիայի անդամ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանը (միջնորդավորված), «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը եւ Սերժ Սարգսյանի մտերիմ ընկեր, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խորհրդական Բենիկ Հարությունյանը խստագույնս վիրավորվել են ճշմարտության հրապարակայնացումից: Այս «զրպարտվածները» «Ժողովուրդ»-ից իրենց պատվի համար միլիոններ են պահանջում: Բայց մենք չենք նահանջի: Շատ դժվար է մեզ վախեցնել անգամ սննկացնելու սպառնալիքով, քանի որ մենք հրապարակել ենք իրականությունը` բազմակողմանիության սկզբունքը պահպանելով: Այնպես որ, մենք լավ գիտենք մեր իրավունքների ու պարտականությունների չափը եւ պատրաստվում ենք իրացնել մեր բաժին իշխանությունը` որպես չորրորդ իշխանություն:




Լրահոս