«ԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԵԶՈՒ ԿԳՏՆԵՆՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իմ բոյին էլ նայե՛ք, Պուրտոյանի բոյին էլ, ո՞ւմ կողմը կարող են անցնել»,-նման պատասխան է տվել Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում` պատասխանելով հարցին՝ ում կսատարի ՀՀԿ-ն, եթե 13 ընտրատարածքում առաջադրվի ե՛ւ ինքը, ե՛ւ ՀՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Արմեն Պուրտոյանը:
-Պարո՛ն Սեդրակյան, լուրեր կան, որ Դուք պատրաստվում եք մասնակցել ԱԺ առաջիկա ընտրություններին եւ առաջադրվել մեծամասնական ընտրակարգով՝ Էրեբունի համայնքն ընդգրկող ընտրատարածքներից մեկում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ լուրերը:
-Այո՛, որոշել եմ, որ առաջադրվելու եմ 13 ընտրատարածքում:
-Բայց այդ ընտրատարածքից ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ-ական Արմեն Պուրտոյանը, եւ ինքն էլ էր մի առիթով ասել, որ կրկին առաջադրվելու է:
-Եթե առաջադրվի, կմրցենք իրար հետ:
-Ձեր շանսերը որքա՞ն եք գնահատում:
-Իմ շանսերը հարյուր տոկոսանոց են:
-Դուք հիմա ո՞ր կուսակցության անդամ եք:
-Հանրապետական:
-Բայց Արմեն Պուրտոյանն էլ է ՀՀԿ-ական, կստացվի՝ ՀՀԿ-ն մի տեղամասում երկու թեկնածու կունենա:
-Եթե Պուրտոյանն առաջադրվի, կլինի երկու թեկնածու: Չգիտեմ, արդեն ինքը թող մտածի:
-ՀՀԿ-ում քննարկե՞լ եք այդ հարցը, ՀՀԿ-ն երկուսիցդ ո՞ւմ է սատարելու:
-Պուրտոյանը, իմ կարծիքով, արդեն հանրապետական էլ չէ:
-Այսի՞նքն: Բայց չէ՞ որ ոչ միայն ՀՀԿ պատգամավոր է, այլեւ ՀՀԿ խորհրդի անդամ:
-Ես չգիտեմ: Ես առաջադրվելու եմ: Իսկ թե էլ ով կառաջադրվի, ինձ համար նշանակություն չունի:
-Սերժ Սարգսյանի հետ քննարկե՞լ եք Ձեր առաջադրման հարցը: Ասում են՝ նման հանդիպում է եղել:
-Ես չեմ խոսել, բայց ամեն դեպքում ես առաջադրվելու եմ, ու ինձ թվում է՝ որեւէ մեկը դեմ չի լինի:
-Ըստ շրջանառվող լուրերի՝ Էրեբունու մյուս ընտրատարածքում էլ Ձեր փեսան էր ցանկանում առաջադրվել:
-Դա դեռ հստակ որոշված չէ:
-ՀՀԿ-ի տեսակետը չե՞ք հարցրել՝ Ձեր առաջադրման մասին:
-Դե երեւի իրենք իրենց տեսակետը կհայտնեն:
-Ձեր կարծիքով՝ ո՞ւմ կսատարի ՀՀԿ-ն՝ Ձե՞զ, թե՞ Պուրտոյանին:
-Իմ բոյին էլ նայե՛ք, Պուրտոյանի բոյին էլ, ո՞ւմ կողմը կարող են անցնել:
-Սերժ Սարգսյանի համար ժամանակին բավական բան եք արել, նաեւ՝ ընտրությունների ժամանակ: Սակայն տեսակետ կա, որ ինքը չգնահատեց Ձեզ:
-Ինքն ամեն ինչն էլ գնահատում է, ամեն ինչն էլ լավ գիտի: Երկրի նախագահը ո՞նց չի կարող հասկանալ ու գնահատել:
-Կարծում եք՝ այս անգամ կսատարի՞:
-Տեսնենք էլի, բայց կարծում եմ՝ այս անգամ այդպես կլինի:
-Լուրեր էին շրջանառվում՝ Դուք գնալու եք ԲՀԿ, նեղացած եք ՀՀԿ-ից:
-Ախմախ խոսակցություններ են դրանք: Այդպես ասողներն իրենց արշինով են չափում Սեդրակյան Մհերին: Այստեղ, այլուր եւ ամենուր:
-ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ կարծես լարվածություն կա, ավելին, ԲՀԿ-ն էլ բոլոր ընտրատեղամասերում ուզում է թեկնածուներ առաջադրել:
-Ով ուզում է պայքարի, ինձ համար նշանակություն չունի: Ես որ առաջադրվում եմ, առաջադրվում եմ ու գնում եմ:
-ՀՀԿ-ԲՀԿ հակասություններն ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Մենք բոլորս էլ ընկերներ ենք, մեր մեջ էդ հարցերը կլուծվեն:
-Կարծում եք՝ լուծվո՞ղ խնդիրներ են:
-Չեմ կարծում, որ չլուծվեն, որովհետեւ բոլորն էլ, Ծառուկյան Գագիկն էլ խելացի տղա է, մեր կուսակցության նախագահը, բնական է, ընդհանուր լեզու կգտնենք:
-Ինչո՞ւ եք ուզում դառնալ պատգամավոր, ի՞նչն է Ձեզ ստիպում:
-Բայց ինչո՞ւ չէ… ինչո՞ւ չպետք է դառնամ: Իմ համար աշխատանք է, կաշխատեմ:
-Ձեր անունը շոշափվում էր մարտի 1-ի շրջանակներում, որ Ձեր հրահանգով Ձեր թիկնապահներն են մասնակցել այդ իրադարձություններին, կրակել ժողովրդի վրա:
-Ոչ մեկն էլ մասնակից չի եղել, դրանք հերյուրանքներ են: Այդ ամենը սուտ է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս