«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակում ենք ուսումնասիրել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-29-Ն) ՀՕ-339 օրենքով նախատեսված փոփոխությունները կատարելուց հետո:
ՀՕ-29-Ն օրենքի 3 (Փաստաբանությունը եւ պետությունը) հոդվածի համաձայն` «Փաստաբանությունը փաստաբանների մասնագիտական միավորում է, որը, հանդիսանալով քաղաքացիական հասարակության ինստիտուտ, չի մտնում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների համակարգի մեջ»:
ՀՕ-29-Ն օրենքի 7 (ՀՀ փաստաբանների պալատը) հոդվածի 1-ին կետի համաձայն` «ՀՀ փաստաբանների պալատը (այսուհետ` փաստաբանների պալատ) սույն օրենքի հիման վրա ստեղծված փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առեւտրային կազմակերպություն է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով: Փաստաբանների պալատն իրավաբանական անձի կարգավիճակ ձեռք է բերում օրենքով սահմանված կարգով գրանցվելու պահից»:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (ՀՕ-239) 51 (Իրավաբանական անձանց տեսակները) հոդվածի համաձայն` «1. Իրավաբանական անձինք կարող են լինել իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առեւտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող եւ ստացված շահույթը մասնակիցների միջեւ չբաշխող (ոչ առեւտրային) կազմակերպություններ:
4. Ոչ առեւտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել հասարակական միավորումների, հիմնադրամների, իրավաբանական անձանց միությունների, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ ձեւերով»:
ՀՕ-239 օրենքի 51 (1-ին եւ 4-րդ կետեր), ՀՕ-29-Ն օրենքի 3 եւ 7 (1-ին կետ) հոդվածներում ամրագրված դրույթների համադրումից հետեւում է, որ ՀՀ փաստաբանների պալատը պետական մարմին չէ, այն փաստաբանների մասնագիտական միավորում է, ոչ առեւտրային կազմակերպություն:
Քանի որ ՀՀ փաստաբանների պալատը պետական մարմին չէ, ապա ՀՕ-193 օրենքի 1, 2, 3, 6 (1-ին կետ), 8 (1-ին կետ) եւ 43 (1-ին կետ) հոդվածներում ամրագրված դրույթների համադրումից հետեւում է, որ ՀՀ փաստաբանների պալատը չի կարող հանդես գալ որպես լիցենզավորող պետական մարմին, ՀՕ-193 օրենքի 43 (2-րդ կետ) հոդվածում նշված` լիցենզավորման ենթակա գործունեության որեւէ տեսակով զբաղվելու համար իրականացնել լիցենզավորման գործընթաց եւ հատկացնել լիցենզիա (արտոնագիր):
ՀՀ Սահմանադրության 33.1 (1-ին մաս) հոդվածում, ՀՕ-29-Ն օրենքի 3 եւ 7 հոդվածներում, ՀՕ-239 օրենքի 51 (1-ին եւ 4-րդ կետեր) հոդվածում, ՀՕ-193 օրենքի 1, 2, 3, 6 (1-ին կետ), 8 (1-ին կետ) եւ 43 (1-ին կետ) հոդվածներում ամրագրված դրույթների համադրումից հետեւում է, որ յուրաքանչյուրի համար   օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, այդ թվում` քաղաքացու կամ իրավաբանական անձի իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու, փաստաթղթեր ուսումնասիրելու, իրավաբանական բնույթի այլ փաստաթղթեր կազմելու, դատարաններում որպես ներկայացուցիչ հանդես գալու համար ՀՀ փաստաբանների պալատի կողմից տրված արտոնագիր (լիցենզիա) ունենալը պարտադիր չէ, մասնավորապես, յուրաքանչյուր ոք, ով ունի քաղաքացու կամ իրավաբանական անձի ղեկավարի կողմից իրեն տրված լիազորագիր, որպես ներկայացուցիչ` կարող է դատարանում ներկայացնել նրանց իրավունքները եւ շահերը:
Կատարված մեկնաբանություններից հետեւում է, որ ՀՕ-339 ՀՀ օրենքի հիման վրա ՀՕ-29-Ն օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում խախտվել են ՀՀ Սահմանադրության 5 (2-րդ մաս) հոդվածի պահանջները` հասարակական միավորմանը տրվել է պետական մարմնի կարգավիճակ, որի գործունեությունը հակասում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին, ինչպես նաեւ խախտվել են ՀՀ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց` ՀՀ Սահմանադրության 33.1 (1-ին մաս) հոդվածում ամրագրված իրավունքները` նրանք չեն կարող իրականացնել լիցենզավորման ոչ ենթակա ձեռնարկատիրական գործունեություն:

ՀԱԿՈԲ ՃԱՐՈՅԱՆ




Լրահոս