Կարծում եմ`վաստակավորի կոչումը ճիշտ ժամանակին եմ ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստուհու կոչմանը:
-Լուիզա, շնորհավորում ենք ձեզ վաստակավոր արտիստուհու կոչմանն արժանանալու կապակցությամբ:

-Շնորհակալ եմ:

-Սպասելի՞ էր, որ այդքան երիտասարդ, արդեն կարժանանք վաստակավոր արտիստուհու կոչման, ի վերջո, այն պարտավորեցնող է ու պատասխանատու:
– Այո, կոչումն իրող պարտավորեցնող է: Կոչումը ստանալուց հետո իմ մեջ մի հետաքրքիր բան է փոխվել, որը կոչվում է պարտավորություն: Ինչ վերաբերում է տարիքային ցենզին, հավատացեք, սովետական կարծրատիպ է, երբ ասում են` վաստակավորի կոչմանը պետք է արժանանա տարիքով մարդը: Կարծում եմ` տարիքային ցենզ իրոք գոյություն չունի վաստակավորի կոչմանն արժանանալու համար: Ուրիշ բան է, որ վաստակես այդ կոչումը: Ես ոչ ավել ոչ պակաս 20 տարվա աշխատանքային փորձ ունեմ, 20 տարվա քրտնաջան աշխատանքի փորձ: Երևացող-չերևացող, հաջողված ու պարտված դերեր 40-ից ավելի: Հետևաբար, ներեցեք անհամեստությանս համար, ես ճիշտ ժամանակին արժանացա վաստակավոր արտիստուհու կոչմանը: Երբ կոչումը տալիս են ավելի ուշ տարիքում, հավատացեք, կորչում է նաև հետաքրքրությունն ու ոգևորությունը:

-Լուիզա, Ձեր շատ գործընկերներ, որոնք երկար ժամանակ է` սպասում են այդ կոչմանը, այս տարի ևս հուսախաբ եղան: Մտավախություն չունեք, որ տեղի –անտեղի կքննադատվեք կամ, այսպես ասած, կդառնանք շատերի աչքի փուշը:
-Չէ, քանի որ արդեն իմունիտետ եմ ձեռք բերել: Ինչ վերաբերում է քննադատություններին, մշտապես ընդունում եմ առողջ քննադատությունը: Հարգում եմ բոլոր այն մարդկանց կարծիքը, որոնք ինձ համար հեղինակություն են և օբյեկտիվ դիտողություն են անում: Ես կարծում եմ`իմ գործընկերների մեծ մասն ուրախ է իմ ստացած կոչման համար:
-Եթե կոչումների մասին մի փոքր գլոբալ խոսենք` կա՞ ինչ-որ չափանիշ, որով պիտի գնահատել`ով պետք է արժանանա վաստակավոր արտիստի կոչմանը:
-Եթե գլոբալ խոսենք, չկա ոչ մի չափորոշիչ, որով պետք է որոշվի` ում է տրվում այն: Կան մարդիկ, որոնք ժողովրդի կողմից սիրված են, ճանաչված, բայց նրանք իրական ոչ մի արժեք չեն թողել: Իհարկե, դժվար է որևէ չափորոշիչ նշել, ըստ որի` պետք է տրվի վաստակավորի կոչումը, բայց ցանկացած արտիստ մշտապես պետք է աշխատի և ձգտի պրոֆեսիոնալ լինել անկախ կոչում ստանալ-չստանալուց:
-Ցանկացած ստեղծագործողի պետական որևէ կոչումի արժանացնելն ինչ-որ տեղ ընկալվում է նաև որպես տվյալ ստեղծագործողին լռեցնելու փորձ: Արդյոք ձեզ ինչ-որ կերպ կարող է կաշկանդել վաստակավոր արտիստուհու կոչումը` իշխանության հասցեին քննադատական կարծիք հնչեցնելիս:
-Շատ լավ հարց եք տալիս: Ես, բացի վաստակավոր արտիստ լինելուց, նախ և առաջ մարդ եմ` իմ տեսակետով ու արժեքներով: Ես միշտ էլ կարտահայտեմ իմ կարծիքը`որպես քաղաքացի: Ես երբեք չեմ եղել դատարկ ընդդիմադիր, բայց ես իմ խոսքն ու իմ բողոքը տարբեր ձևերով արտահայտել եմ: Ստանալ վաստակավոր արտիստի կոչում` չի նշանակում լռել,ընդհակառակը, նման կոչում ստացածները պետք է նախագահի հետ միասին բարեփոխումներ անեն: Ես վաստակավոր արտիստի կոչմանն արժանացել եմ առանց որևէ մեկին քծնելու կամ դուր գալու: Հետևաբար` այս ամենն ինձ համար հիմք է, որ շարունակեմ աշխատել ու եթե հարկ լինի, նաև հայտնեմ իմ խոսքը:

Սոնա Դավթյան




Լրահոս