ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՐՈՆԶՆԵՐԸ ԴԱՌՆԱՆ ՈՍԿԻ

Այսօր ՀՀ վաստակավոր մարզիչ, ԱԻԲԱ-ի միջազգային բարձրագույն կարգի մրցավար, Եվրոպայի բռնցքամարտի ընկերակցության գործկոմի անդամ, ՀԱՕԿ նախագահի տեղակալ Դերենիկ Գաբրիելյանը դարձավ 70 տարեկան։ 1988-ից Օլիմպիական հերթափոխի հանրապետական ուսումնարանի տնօրենն է եղել, նրա բազմաթիվ սաներ հաջողությունների են հասել օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում։ Արժանացել է բազմաթիվ մեդալների, եւ վերջինը ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կողմից ստացած «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման առաջընթացին նպաստելու համար» պատվո մեդալն է:

Հոբելյարը սպորտում վերջին տարիներին առանձնացնում է հատկապես օլիմպիական խաղերի մեդալները՝ սկսած 1992-ից, երբ Հայաստանն իր դրոշի ներքո մասնակցեց խաղերին։
-Ի՞նչ պետք է անենք, որ նորից օլիմպիական չեմպիոններ ունենանք։
-Սպորտում միշտ կարեւորել եմ մարզչի, մանկավարժի աշխատանքը, որը պտուղներ է տալիս տարիներ հետո։ Եվ ուրախ եմ, որ տվել եմ շուրջ յոթ հազար շրջանավարտ ու նրանցից ոչ մեկի համար չեմ ամաչել։ Ամեն մեկը՝ լինի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, քոլեջի, բուհի մանկավարժ կամ հավաքականի մարզիչ, պետք է խղճով կատարի իր աշխատանքը։ Իսկ ֆեդերացիաները, ՀԱՕԿ-ը, սպորտի նախարարությունը արդեն կզբաղվեն մեծ սպորտի խնդիրները լուծելով: Օլիմպիական չեմպիոններ ունենալու համար շատ մեծ աշխատանքային գործընթաց, ոչ թե մեկ-երկու, այլ տասնյակ տարիների հետեւողական աշխատանք է պահանջվում։ Գրեթե ամեն օր փոփոխություններ են կատարվում համաշխարհային սպորտում, եւ մեր մարզիչները պետք է ոչ մի քայլ հետ չմնան միջազգային փորձից, նորագույն տեխնիկական միջոցներից։ Պետք է համահավասար քայլենք միջազգային չափանիշների հետ, որ կարողանանք պատրաստել օլիմպիական չեմպիոններ։
-Դա, իհարկե, վերաբերվում է նաեւ Ձեր մարզաձեւին՝ բռնցքամարտին։
-Իհարկե։ Վլադիմիր Ենգիբարյանից հետո ունեցել ենք օլիմպիական 2 բրոնզե մեդալակիր, եւ կցանկանայի, որ բրոնզները հետագայում դառնան ոսկի։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս