ԵԹԵ ՆԱԽԱԳԱՀ ԷԼ ԼԻՆԻ` ՓՈՂՈՑՈՒՄ ԿՆՎԱԳԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փողոցն ինչ ա, անհարգի՞ ա: Փողոցում մարդիկ ավելի պարզ են, ավելի լավ ա փողոցում: Դուդուկ եմ նվագում, սա դուդուկի երկիրն ա, բա օտար մարդիկ չե՞ն ասի, որ սա դուդուկի երկիրն ա, մի հատ կենդանի երաժիշտ չտեսանք, անպայման պիտի ֆիլհարմոնիա գնա՞ն»,-այսպես բացատրեց իր «աշխատանքի նրբությունը» Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում նվագող երաժիշտը:
Փողոցում նվագելով՝ երաժիշտը, իր խոսքով, աշխատում է օրը մոտ 3000 դրամ. «Որ ասեմ միլիոն են տալիս` չէ, էս արածս էլ եսիմ ինչ չի, իսկ ամռանն էլ սաղ մառոժնի են ուտում, ո՞վ ա փող տվողը»:
Նա նաեւ ասում է, որ սիրում է իր աշխատանքը. «Ես որ նախագահ էլ լինեմ` էլի կգամ ստեղ կնվագեմ, որովհետեւ ինձ հաճելի է մարդկանց բարի տալ, կարծես այս մեռած երկրին` էսքան տեղը, կոլորիտ եմ տալիս»:
Պատմում է իր մասին ու պատմելու ընթացքում զգուշացնում. «Հանկարծ չմտածես՝ բոմժ եմ, ես Մոսկվայում ակադեմիա եմ ավարտել»:
Իսկ փողոցում նա նվագում է արդեն 20 տարի` գիտնական հոր մահից հետո. «Հայրս մահացավ, ես իմ երաժիշտ երեխաների հետ սկսեցի կինոթատրոն «Ռոսիա»-ի մոտ նվագել, հետո նվագելով հասա ստեղ: 4 երեխա ունեմ` 2 տղա, 2 աղջիկ. եւ բոլորս արվեստագետ ենք: Կինս էլ դիրիժոր ա` մեր տանը»,-կատակում է նա: «Հետո երեխաներս մեծացան, ամաչում են, բայց ծանր կացությունն է ստիպում: Տղաս հեսա բանակ պիտի գնա` կվերցնե՞ն իրա մասնագիտությամբ: Պարի տեղից թուղթ եմ տարել, որ գոնե բանակում իրա մասնագիտությամբ ծառայի, ասեցին՝ հիմա տեղ չունենք, զորակոչի ժամանակ կգաս: Ես չեմ ասում չծառայի, բայց որակը կգցի, որակի պայքարն ա»,-մտահոգ ասում է հայրն ու ավելացնում` Աստված ոնց կկամենա:
Նրա բազմանդամ ընտանիքը, մինչեւ երեխաների չափահաս դառնալը «Փարոս»-ից օգնություն է ստացել. ««Փարոս»-ի անդամ էինք, տղաս դառավ 17 տարեկան, ասեցին կաշառք տուր, որ փարոս տանք, ես էլ ասեցի՝ չունեմ, փարոսից հանեցին, մինչեւ էսօր ճռալով ապրում ենք»,-պատմում է նա ու տխրում սեփական երկրի վիճակի համար. «Աշխարհիկն ու հոգեւորականը հիմա իրար են խառնվել, ամեն մեկն իրա ջիպն ա փայլացնում, քեզ էլ ասում ա` լավ կլինի, դիմացի: Ժողովուրդը փախնում ա, խաբեությանը չի դիմանում, անտանելի ա ապրել էն երկրում, որտեղ խաբեություն ա: Հիմա ո՞նց ա մեր երկրը` ով փող ունի, կրթություն ա ստանում, բայց կրթության միայն դիպլոմն են տալիս, աշխատանքով չեն ապահովում, շատ ցավալի ա: Երիտասարդությունը գնում ա Ռուսաստանները, ամեն մեկը մի կերպ համակերպվում ա. ընդեղի աղջկերքի հետ են ամուսնանում, բա մեր երկիրը, մեր սերունդը ի՞նչ պիտի լինի: Ավարտում են, դիպլոմը ստանում են, ու աշխատանք չունեն, մեղք չե՞ն: Ո՞նց պիտի լինի նրանց ապագան: Առաջ ավարտում էին, աշխատանքի էին ընդունում, հանրակացարան էին տալիս, կարային ամուսնանային: Հիմա կարա՞ս ամուսնանաս, չես կարա. մանավանդ քուչի նվագողի աղջկան ո՞վ կուզի, հիմա սաղ ջիպատեր են ման գալիս: Հայաստանն իմ ընտանիքի համար դժոխք ա, բայց ես չեմ գնում Ռուսաստան, ուրիշ երկրներ, որտեղ կարող եմ ավելի շատ գումար աշխատել: Մեկ- մեկ հուսահատվում եմ, որ էրեխեքը ասում են աշխատանք չկա, ապագա չկա, մտածում եմ վեր կենանք, ինչպես մնացածը, գնանք, չգիտեմ…»:
Հայաստանի ու պետական այրերի մասին իր ուրույն կարծիքն ունի փողոցում նվագող հավատացյալ երաժիշտը. «Իմ երկիրն ա` նվաճումներն ուրախացնում են, իսկ վատ բաներն էլ տխրեցնում են, քանի որ քաղաքականությունը գողապետություն է. վերեւը մեկ կա՞, որ ածական չունենա. գողապետություն: Ես քրիստոնյա մարդ եմ, իրանց համար ամեն օր աղոթք եմ անում:
Մենք պիտի ընենց անենք, որ մարդիկ ոչ թե փախնեն, այլ հպարտ լինեն, որ էս երկրում են ապրում, որ Հայաստանում են, որ հայ են: Բայց եթե մենք Էն երկրում ենք, որ ասում են` Աստվածաշունչ բաց երկնքի տակ, ուրեմն Աստված մեզ չի թողնի»:
Զրույցի վերջում էլ ավելացրեց. «Շատ խոսեցի, էսքան խոսեի՝ դեպուտատ կդառնայի»:

ՆԱԻՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ




Լրահոս