40 ՀՈԳՈՒ ՄԵԿ ՕՐՈՒՄ ԱԶԱՏԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Երեւանջուր» ընկերության  դեմ հերթական դատական նիստը:
Հայցվորները «Երեւանջուր» ՓԲԸ ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության տնօրինության աշխատակիցներն են, որոնց  2011թ. ապրիլի 21-ին հեռացրել են աշխատանքից` առանց նախապես զգուշացնելու:  ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115 հոդվածի առաջին մասի, 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 7-րդ եւ 11-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է գրավոր ծանուցել իր մոտ միչեւ 5 տարի աշխատողին ոչ ուշ, քան 35 օր առաջ: Ընդգծենք, որ «Երեւանջուր» ընկերության աշխատակիցների մեծ մասը 10 տարվա աշխատողներ են, որոնց  «Երեւանջուր»-ը  լուծարման մասին ծանուցումն ուղարկել է հենց լուծարելու օրը, այն էլ առանց որեւէ պատճառաբանության:
«Բանն այն է, որ ընկերությունը մեկ օրում աշխատանքից հեռացրել է տնօրինության 40 աշխատակցի, որոնցից երկուսը տվյալ ժամանակ գտնվում էին արձակուրդում եւ երկրից դուրս: Եւ նշեմ, որ ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի առաջին մասի` գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելն արգելվում է, երբ աշխատողը գտնվում է արձակուրդում, եւ մենք դատարանին ներկայացրել ենք նույնիսկ տվյալ աշխատողի անձնագրի պատճենը, որից հստակ երեւում է, որ նա երկրում չի եղել»,-նշեց հայցվոր կողմի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:  
Նա «Երեւանջուր» ընկերության որոշման անօրինական լինելու հետ կապված մի շարք փաստեր ներկայացրեց, ինչպես նաեւ նշեց. «Ըստ աշխատանքային օրենսգրքի, երբ ընկերությունը կրճատում է հաստիքները, հետագայում` նոր հաստիքների դեպքում, պարտավոր է նախ եւ առաջ իր հին աշխատողներին առաջարկել, նոր հետո միայն այլ աշխատողներ փնտրել: Մինչդեռ «Երեւանջուր» ընկերությունը հայտարարել է, որ ոչ մի աշխատողի համար ուրիշ աշխատատեղ չունի, սակայն 40 հոգու աշխատանքից ազատելու հենց հաջորդ օրը երկու հոգու ընդունել է աշխատանքի»:
Հայցվոր կողմի բերած բոլոր փաստարկներն ու ապացույցները վարպետորեն հերքվեցին  պատասխանող կողմի փաստաբան Գեւորգ Պետրոսյանի կողմից:
«Ընկերությունը լուծարման մասին ծանուցումը չուղարկելու համար օրենքով նախատեսված տուգանքը վճարել է` երկու ամսվա աշխատավարձը, բայց այնպիսի տպավորություն էր, կարծես վճարել են` մենակ թե գնան, պրծնեն իրենցից»,-նշում է հայցվոր կողմը, որի կանխատեսմամբ` արդեն պարզ երեւում է, որ հայցը մերժվելու է:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 14-ին` ժամը 11:00-ին:

ԱԴՐԻՆԵ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս