Երեխաների տոնը` «Հաղթանակ» զբոսայգում (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տիկնոջ ու հինգ երեխաների հետ միասին այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ ևս քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպվել էին տոնական միջոցառումներ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Քաղաքապետը շրջել է զբոսայգում, զրուցել ծնողների հետ ու շնորհավորել է մանուկներին՝ մաղթելով նրանց խաղաղ երկինք, առողջություն ու անհոգ մանկություն:

«Աշխարհում դժվար թե գտնվի մի ծնող, ում համար իր երեխաները աշխարհի ամենաթանկ գանձերը չլինեն: Հայերիս մոտ այս գաղափարը, իմ կարծիքով, մի փոքր ավելի է ընդգծված, հատկապես հաշվի առնելով, որ մենք ոչ միայն մեր սեփական երեխաների հանդեպ ենք դրսևորում այդ սերն ու գուրգուրանքը, այլ նաև անխտիր բոլոր երեխաների: Եվ դա մեր ազգային այն առանձնահատկություններից մեկն է, որը չէի ուզի, որ մենք երբևէ կորցնենք»,– ասել է Տարոն Մարգարյանը:

«Չնայած նաև համոզված եմ, որ չենք էլ կորցնի, քանի որ հայ ծնողը, ըստ էության, երբևէ չի էլ դադարում հոգ տանել իր երեխաներին, եթե անգամ երեխաներն արդեն իրենք են երեխատեր: Ու հատկապես հենց այս տեսանկյունից է, որ ես միշտ այս տոնը առանձնակի եմ կարևորում, համարելով, որ սա բոլորիս տոնն է, քանի որ մենք էլ մեր ծնողների համար ենք շարունակում մնալ իրենց երեխաները, որ տարիքում էլ որ լինենք, և նրանց այդ չընդհատվող հոգատարությունը իրականում միշտ հաճելի է ու սպասված: Եվ այսօր, շնորհավորելով բոլոր երեխաներին, մաղթում եմ, որ նրանք ապրեն ուրախ ու երջանիկ, ունենան անհոգ ու խաղաղ մանկություն»,- ընդգծել է նա:

Օգտվելով առիթից` ծնողներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին` մայրաքաղաքի տարբեր հատվածներում տոնական բազմաբնույթ միջոցառումներ կազմակերպելու և փոքրիկների համար տոնական տրամադրություն ապահովելու համար:

Կարևորելով մայրաքաղաքում փոքրիկ երևանցիների լիարժեք հանգստի կազմակերպումը, քաղաքապետը վստահեցրել է, որ մայրաքաղաքում շարունակվելու են այգիների, պուրակների ստեղծման ու բակերի համալիր բարեկարգման աշխատանքները:

14319010244_568d23823d

14319659045_d6dd5471b3

«Մենք շարունակելու ենք անել հնարավորը, որպեսզի մեր փոքրիկ բնակիչներն իրենց ավելի ապահով ու հարմարավետ զգան մեր քաղաքում: Բացի զբոսայգիների, բարեկարգ, ժամանակակից խաղային ատրակցիոններով կահավորված բակերի, ֆուտբոլի խաղադաշտերի թիվն ավելացնելուց, նաև շարունակելու ենք իրականացնել տարբեր ծրագրեր ու միջոցառումներ՝ երեխաների առօրյան ավելի ակտիվ ու հագեցած դարձնելու նպատակով:

14133013469_345f1a4e3a

14339847853_12e678abd9

Ի դեպ, ներդրումային մեծ ծրագիր է իրականացվելու նաև «Հաղթանակ» զբոսայգում, որի արդյունքում հանգստի այս գոտին ևս երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին կներկայանա նորովի ու առավել հարմարավետ պայմաններով»,- նշել է քաղաքապետը:




Լրահոս