Էլեկտրաէներգիայի սակագինը կարող է վերանայվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր 2013թ. բյուջեի կատարողականը ներկայացնում էր նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Հիմնական զեկուցողը փոխնախարար Արա Սիմոնյանն էր, որին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հարց ուղղեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Պատգամավորը նշեց, որ ԱՎԾ տվյալներով՝ առաջին եռամսյակում 39 տոկոսով կրճատվել են էլեկտրաէներգիայի սպառման ծավալները, և գաղտնիք չէ, որ ՀԷՑ-ը կանգնած է սնանկացման եզրին:

«Հայաստանը կախված է ռուսական գազից, և մեր շնչառությունը բառի բուն իմաստով կախված է այդ խողովակի տրամաչափից: Ի՞նչ է անում նախարարությունը, որպեսզի ապահովի էներգետիկ անվտանգությունը», – նշեց նա:

Փոխնախարար Արա Սիմոնյանը խոստովանեց, որ էլեկտրաէներգիայի սակագների վերանայումը սառեցված չէ, պարբերաբար վերանայվում է:

«Քննարկումներն ընթանում են, եթե դրանք պետք է բերեն նրան, որ պետք է վերանայվեն էլեկտրաէներգիայի սակագները, ուրեմն՝ պետք է վերանայվեն: Որոշակի բան չեմ կարող ասել»,- ասաց փոխնախարարը:




Լրահոս