Համայնքային բյուջեով արդեն կառուցվել է 50 թեքահարթակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի ծրագրերի շրջանակում ընթացքի մեջ են հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժի ապահովման նպատակով համայնքային բյուջեի միջոցներով թեքահարթակներ կառուցելու աշխատանքները: Ծրագրի շրջանակում արդեն իսկ կառուցվել է 50 թեքահարթակ: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Զեկուցվել է նաև, որ շարունակվում են նախկինում կառուցված օբյեկտների մուտքերը սեփականատերերի կողմից թեքահարթակներով համալրելու ուղղությամբ աշխատանքները: Ըստ այդմ, արդեն իսկ 134 օբյեկտների մուտքեր ապահովված են թեքահարթակներով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև փողոցների և մայթերի հիմնանորոգման ու բարեկարգման շինաշխատանքների շրջանակում վերահսկել կապալառու կազմակերպությունների կողմից թեքահարթակների կառուցման ընթացքը:

Անդրադառնալով հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հասարակական տրանսպորտի հարմարեցման գործընթացին՝ զեկուցվել է, որ այդ նպատակով հայտարարված համապատասխան մրցույթը կայացել է: Հաղթող ճանաչված կազմակերպության կողմից ներկայում նախապատրաստական աշխատանքներ են տարվում թվով 10 ավտոբուսներ համապատասխան վերելակներով կահավորելու ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն 




Լրահոս