ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում մանկավարժների բարձրացրած այն խնդրին, թե նրանք վախենում են գործատուներին դիմումներ գրել՝ իրենց աշխատավարձից պահումներ չանելու համար, քանի որ դիմումների հետ մեկտեղ պահանջում են նաև աշխատանքից ազատման դիմումներ, ասաց` վախենալու հարց չկա:
«Կա օրենք, և յուրաքանչյուր ոք, օրենքի համաձայն, պետք է իրացնի իր իրավունքները: Եթե մենք կոնկրետ տեղեկատվություն ունենանք, կոնկրետ կզբաղվենք դրանով»,- ասել էր նախարարը:
Armlur.am-ն այս հարցի առնչությամբ զրուցեց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ, Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի մանկավարժ Սոֆյա Հովսեփյանի հետ` պարզելու՝ արդյոք նա հավատում է Արտեմ Ասատրյանի այն հայտարարությանը, թե նախարարությունը պատրաստ է կանգնելու այն աշխատակցի կողքին, որի դիմումը գործատուն չի վերցնի կամ կվախեցնի նրան:
Սոֆյա Հովսեփյանը չի հավատում նախարարի հայտարարությանը, քանի որ նույն բանն ասում էր կրթության նախարարը, բայց բացի խոսքերից՝ պետք են նաև քայլեր:
Մանկավարժը նաև տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ կան մանկավարժներ, որոնք հայտարարում են, որ դիմում չեն գրել, քանի որ վախենում են կորցնել իրենց աշխատանքը:
«Համապատասխան պետական կառույցները պետք է հորդորեն կրթօջախների տնօրեններին դիմումները վերցնել: Տնօրենները, վերցնելով իրենց աշխատակիցների դիմումները և դրանով հաճոյանալով վերևներին, վերևներն էլ՝ իրենցից ավելի բարձր վերևներին՝ պետբյուջե են լցնում, իսկ իմ գրպանի հաշվին բյուջե լցնել ոչ ոք իրավունք չունի»,- վստահեցնում է մեր զրուցակիցը:
Մանկավարժի հավաստմամբ՝ կրթական օջախների տնօրենների ընդամենը 10 տոկոսն է վերցնում աշխատակիցների դիմումները, իսկ 90 տոկոսը չի վերցնում դրանք:
«Թե՛ մարզերում, թե՛ Երևանում ոչ մի մանկավարժ դիմում չի գրել, բոլորը վախենում են դիմումներ գրելուց: Բոլոր մասնագետները բողոքում են, բայց, երբ հերթը հասնում է բարձրաձայնելուն, վախենում են»,- վստահեցնում է Սոֆյա Հովսեփյանը:
«Դեմ եմ» նախաձեռնության անդամը կոչ է անում Արտեմ Ասատրյանին կանչել բոլոր տնօրեններին և լրատվամիջոցների ներկայությամբ հորդորել նրանց վերցնել աշխատակիցների դիմումները:
«Իսկ եթե տնօրենները դիմումները չվերցնեն, նրանց թող պատիժ հասնի: Այդ դեպքում կհասկանանք, որ մեր շահերը պաշտպանված են, հակառակ դեպքում՝ օդում խոսելն ու ոչինչ չանելը բնորոշ է մեր բոլոր նախարարությունների աշխատակիցներին»,- եզրափակեց մանկավարժը:
Սոնա Դավթյան