ԶԻՆՎՈՐԻ ԴԵՄՔՆ ԱՅՐՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 2-ին` ժամը 17:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավային` Հորադիզի պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում ստացած հրազենային վերքից մահացել էր Կառլեն Կարոյի Բաղդասարյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ`  միջադեպը տեղի է ունեցել Կառլենի եւ իր ծառայակից ընկերների միջեւ: Մեզ հետ զրույցում զինվորի հարազատները հայտնեցին, որ Կառլենի դեմքն ամբողջությամբ այրված էր:
Տեղեկացանք, որ Կառլեն Բաղդասարյանը Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքի բնակիչ է եւ բանակ է զորակոչվել Ստեփանակերտի զինկոմիսարիատից: Նա  ծառայում էր ԼՂՀ Ջաբրահիլի N զորամասերից մեկում: Կառլենը բանակում էր մեկ տարի երեք ամիս, այսինքն` ծառայության ավարտին քիչ էր մնացել: Նրա հարազատները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ իրենք հիմա չեն կամենում Կառլենի մահվան հետ կապված որեւէ վարկած քննարկել, քանի որ սպայական անձնակազմը խոստացել է օրերս  ներկայացնել,  թե իրականում որն է եղել զինվորի մահվան պատճառը:
Նշենք, որ 20-ամյա Կառլենի բարեկամները շատ վախվորած էին խոսում նրա մահվան մասին, ասում էին միայն այն, ինչը հստակ տեսել են իրենց աչքերով: Նրանք նշեցին, թե նկատել են, որ Կառլենի երեսն ամբողջությամբ այրված է եղել, բայց թե որն է եղել դրա պատճառը, վերջիններս չցանկացան պարզաբանել: Կառլենի ընտանիքը սոցիալապես այնքան էլ լավ պայմաններում չի ապրում, նրանց ճանաչողները նշեցին, որ հայրը` Կարոն,  բանվոր է աշխատում, եւ տան ամբողջ հոգսը նրա վրա է:
Կառլենն ունի իրենից տարիքով քույր եւ իրենից փոքր եղբայր: Դպրոցն ավարտելուն պես բանակ է գնացել, որոշել է վերադառնալուց հետո համալսարան ընդունվել: 20-ամյա ժամկետային զինծառայողին ճանաչողները միաբերան շեշտում էին, որ Կառլենն իսկապես հրաշալի տղա էր, համեստ, շատ խելոք, ու իրենք շատ զարմացել են, երբ իմացել են, որ նա իր ծառայակից ընկերների հետ  վիճաբանել է:
«Երեւի իրան հասցրել են, որ կռվել ա, թե չէ ինքն ըտենց տղա չէր, որ կռվեր, անգամ էնքան հավասարակշռված էր, որ շատ դժվար էր իրեն հունից հանել: Մենք զարմացանք, երբ ասեցին, որ Կառլենն իր ընկերների հետ վիճել ա, չենք էլ կարողանում հավատալ, որ նման բան ա եղել: Շատ ցավալի ա, իրոք, քանի որ եթե Դուք էլ ճանաչեիք Կառլենին, նույն բանը կասեիք նրա մասին: Մենք շատ ցավ ենք ապրում, որ նման ձեւով ինքը մահացավ, շատ ցավալի էր, որ իրան նման ձեւով բերեցին տուն, իրա երեսը վառված էր: Ախր մի բան էլ ասեմ, իրանց ընտանիքն էնքան բարի ընտանիք ա, սաղ Ստեփանակերտը դա է ասում, թե ոնց կարար իրենց ընտանիքի հետ տենց բան պատահեր, նույն բարի մարդն էլ իրենց Կառլենն էր»,-լացակումած պատմեց  զինվորի  հարեւաններից մեկը, որը, սակայն, ոչ մի կերպ չցանկացավ  ներկայանալ` պատճառաբանելով, որ իր խոսքերը կարող են վատ անդրադառնալ գործի բացահայտման վրա:
Զինվորի հարազատները վստահեցրին, որ իրենք սպասում են, թե երբ է Կառլենի սպայական անձնակազմը ներկայանալու եւ բացատրելու, թե իրականում ինչ է տեղի ունեցել նրա եւ ծառայակիցների միջեւ: «Պիտի գան, ասեն, վաղը, մյուս օրը հաստատ կգան, կասեն, թե որն ա եղել դրա պատճառը, մենք տենց ենք լսել, իրա ծնողներն էլ են տենց լսել ու անհամբեր սպասում են, թե երբ են գալու, բացատրելու` ինչ ա եղել իրականում»,-նշեցին Կառլենի մերձավորները: Իսկ նրա մորաքրոջ աղջիկն ընդհանրապես հրաժարվեց որեւէ բան ասել` նշելով, որ իրենք տեղյակ չեն, թե ինչ է կատարվել, եւ ցանկություն էլ չունեն լրագրողների հետ խոսել:
 ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանից տեղեկացանք, որ ժամկետային զինծառայող Կառլեն Բաղդասարյանը գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հոսպիտալ, սակայն ճանապարհին մահացել է: Փաստի առթիվ երկրորդ կայազորային բաժնում հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի 1-ին մասով` ինքնասպանության հասցնելը, սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հ.Գ. Փետրվարի 5-ին ԼՂՀ սահմանային զորամասերից մեկում մահացել է շարքային զինծառայող Գոռ Ալավերդյանը: 20-ամյա զինվորը սպանվել է իր ծառայակցի կողմից: Մանրամասները` վաղվա համարում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս