Ընտրական բարեփոխումները պետք է իրականացվեն սահմանադրական բարեփոխումների հետ մեկտեղ: Նման կարծիք այսօր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման ժամանակ հայտնեց Հայաստանում Եվրամիության դեսպան Տրայան Հրիսթեան:
«Լավ կլինի, եթե այս երկու օրվա քննարկումների արդյունքում քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի գան»,- ասաց դեսպանը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինն էլ ասաց, թե իրենք ակնկալում են, որ այս քննարկումները թույլ կտան գտնել իրավական լուծումներ և իրականացնել համակարգային բարեփոխումներ:
«Մեծ է քաղաքական ուժերի դերն այս քաղաքական օրկեստրի մեջ, և չեմ տարանջատում, թե այդ ուժերը կառավարամետ են, թե՝ ոչ: Եթե հարցնեք, թե ով է դիրիժորն այդ քաղաքական օրկեստրի, ապա կասեմ՝ ժողովուրդը»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը:
ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելն էլ իր խոսքում նշեց, թե ուրախ է տեսնել, որ Հայաստանում շարժ կա: «Այս երկրում դեպի լավը փոփոխություններ ենք տեսնում»,- ասաց նա: