Սերժ Սարգսյանը ձեռնոցի պես վարչապետ փոխելու հնարավորություն կստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս. Սարգսյանը ձեռնոցի պես վարչապետ փոխելու հնարավորություն կստանա
Սահմանադրության փոփոխություննների նախագիծը բավականին ճկուն ճանապարհ է նախատեսել վարչապետին անվստահություն հայտնելու համար: 115-րդ հոդվածով սահմանվող այս ընթացակարգին ծանոթանալով՝ ստանում ենք այնպիսի տպավորություն, որ վարչապետի հեռացման հարցը առավելագույնս պարզեցված է իշխող մեծամասնության համար, սակայն միաժամանակ լրջագույնս բարդեցված է ընդդիմադիր խմբակցությունների համար:

Նախագծի այդօրինակ դրույթների հղացումը լիովին հասկանալի է, եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանն այդպիսով հեշտ ուղի է հարթում այն վարչապետի հապճեպ հեռացման համար, որը կհանդգնի չենթարկվել մեծամասնության «վոժդին»:
Ստորեւ կքննարկենք այս հարցում միջազգային փորձը՝ կենտրոնանալով գերմանական եւ իտալական մոդելների վրա:

Այսպես՝ «Նախագծի» 115-րդ հոդվածի առաջին կետով սահմանվում է, որ «վարչապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ կարող է ներկայացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածություն»: Այս դրույթն, ըստ էության, իսկական ծուղակ է ընդդիմադիր խմբակցությունների համար, որոնք երբեւէ մտքներով կանցկացնեն անվստահություն հայտնել Կառավարության ղեկավարին:

Հիշենք, որ նախորդ տարվա գարնանը՝ մինչ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, ընդդիմադիր հռչակված խմբակցությունները խնդիր էին դրել հասնելու վարչապետի հեռացմանը հենց Կառավարությանն անվստահություն հայտնելու ճանապարհով: Թեեւ Սերժ Սարգսյանը նախահարձակ եղավ, զոհաբերեց իր վարչապետին ներքաղաքական խաղերում, սակայն, կարծես, գործընթացի համար նախադեպ ստեղծվեց: Եվ, ահա, հիմա պատկերացնենք մի իրավիճակ, երբ ընդդիմությունը կրկին կփորձի Կառավարության ղեկավարին անվստահություն հայտնելու հարցը դարձնել օրակարգային: Գործընթացը միանգամից կվիժեցվի, քանզի անհնար է անգամ պատկերացնել, որ այդքան բազմագույն ընդդիմադիր խմբակցությունները համաձայնության կգան իրենցից մեկին վարչապետ դարձնելու հարցի շուրջ: Այսպիսով, ընդդիմության մեջ պառակտումների նոր բացիլ նետելով՝ Սերժ Սարգսյանը փակում է իր հակառակորդների կողմից վարչապետին անվստահություն հայտնելու դուռը:

Փոխարենը պատգամավորների 1/3-ի միջոցով որոշման նախագիծ ներկայացնելը լիովին ձեռնտու է իշխող կուսկացության ղեկավարին, որի տրամադրության տակ է լինելու խորհրդարանի բացարձակ մեծամասնությունը: Հատկանշական է, որ որոշումը դրական արդյունք կարող է ունենալ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնության պարագայում: Նկատենք, որ գործող Սահմանադրությամբ էլ է սահմանվում նույն ընթացակարգը: Այդուհանդերձ, նոր Սահմանադրությամբ պետության ղեկավարը դառնում է հենց վարչապետը, որին պաշտոնից այդքան հեշտությամբ հեռացնել չի կարելի: Սակայն, եթե պետությունը կառավարվում է վարչապետի կողմից, իսկ մեծամասնության «վոժդը» նրան կարող է այդպիսի հեշտությամբ դուրս մղել իշխանությունից, ապա ո՞ւր մնացին Կառավարության կայուն գործունեությունն ապահովող սահմանադրական երաշխիքները, որոնց մասին շարունակար թմբկահարում են փոփոխությունները գովերգողները։

Միջազգային փորձի շրջանակներում կրկին ելակետ վերցնենք Գերմանիայի կառավարման համակարգը։ Գերմանական սահմանադրությունը եւս նախատեսում է Կառավարության ղեկավարին անվստահություն հայտնելու մեխանիզմ: Այստեղ խորհրդարանական մեծամասնությունը պիտի քվեարկի մեկ այլ գործչի օգտին՝ նրան ընտրելով իբրեւ հաջորդ կանցլեր, եւ դիմի նախագահին՝ խնդրելով ազատել գործող կանցլերին զբաղեցրած պաշտոնից: Նախագահը պարտավոր է ընթացք տալ վճռին եւ նոր ընտրված կանցլերին նշանակելու հրաման արձակել: Նկատենք, որ Գերմանիայում եւս սահմանված է պարզ մեծամասնության միջոցով կանցլերին պաշտոնազրկելու պրակտիկան: Իսկ, ահա, Իտալիայում Կառավարությունը պիտի ստանա պառլամենտական երկու պալատների աջակցությունը:

Այս դեպքում, սակայն, Կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագիծ կարող է ներկայացվել մեկ պալատի 1/10-րդ պատգամավորների ստորագրությամբ: Անգամ այսպիսի լայն հնարավորություններ ունենալով՝ Իտալիայում ընդդիմությունը 1943թ․-ից ի վեր ընդամենը 4 անգամ է անվստահություն հայտնել վարչապետին: Մեզ մոտ նման նախադեպ դեռեւս չի եղել՝ գերազանցապես պայմանավորված ժողովրդավարական սկզբունքներով իշխանություն ձեւավորելու մեր անկարողությամբ:

Կարելի է արձանագրել, որ Սահմանադրության առաջարկվող տարբերակով Կառավարության ղեկավարի պաշտոնազրկության գործընթացն ընդհանուր առմամբ իրենից նորույթ չի ներկայացնում եւ մեծ մասամբ հիմնված է ՀՀ գործող Սահմանադրության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության փորձի վրա: Այստեղ, ցավոք սրտի, անուշադրության են մատնված տեղական պայմանները եւ ազգային-պետական առանձնահատկությունները: Կարծում ենք, սակայն, որ այս հարցում հարկ կար ավելի խիստ միջոցառումների, քանի որ մեզ մոտ կառավարման խորհրդարանական կարգերի անցումը տեղի է ունենում կիսանախագահական համակարգից, որտեղ նախագահը բավականին ուժեղ ֆիգուր է, եւ նրան այդքան էլ հեշտ չէ հեռացնելը:

Օրինակ՝ կարելի էր վարչապետին անսվտահություն հայտնելու համար անհրաժեշտ ձայների շեմը հստակորեն սահմանել պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ը: Թեեւ, այս ամենն իրականում ձեւականություն է, եթե ընտրությունների երկրորդ փուլի կարգը, այդուհանդերձ, պահպանվի: Ի դեպ, երկրորդ փուլի ներմուծմամբ բացարձակ մեծամասնություն ստանալու իշխանության ցանկությունը պետք չէ բացարձակեցնել ու կարծել, թե առանց դրա Սարգսյանը ԱԺ-ում բավարար թվով կամակատարներ չի ունենա: Այսօր էլ չկա երկրորդ փուլ կոչվածը, սակայն ԱԺ-ի 80 տոկոսը փաստացիորեն գտնվում է Սերժ Սարգսյանի ենթակայության ներքո:

Առաջարկվող տարբերակով Սարգսյանի՝ իշխանությունից դուրս գտնվելու ժամանակ ամբողջ պետական համակարգի նկատմամբ ազդեցության պահպանումը տեղի կունենա ավելի դյուրին կերպով: Այս տարբերակով պարզապես իշխանության նկատմամբ Սերժ Սարգսյանի վերահսկողության անխափանության հավելյալ երաշխիքներ են սահմանվում եւ որիշ ոչինչ։

Ն. Հովսեփյան




Լրահոս