Այսօր Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց երկու կարևոր հարցի վրա:
«Առաջին՝ սա արվում է, որ իշխանություններն իրենց համար վերարտադրվելու մեխանիզմներ ստեղծեն: Որևէ մեկը չի ասում, որ նման մտադրություն չունի: Անգամ գործող իշխանությունն ինքն է հայտարարում, որ բոլոր դեպքերում ընտրությունը Մելիք-Ադամյան 2 հասցեով է անցնելու», – ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ Սահմանադրությունը պետք է այնպիսի փոփոխությունների ենթարկվի, որ եկողը հասկանա՝ ինքը չի կարող իշխանությունը չարաշահել:
«Երկրորդ` պետք է անկեղծ լինենք և ասենք, որ իշխանափոխության համար երկու տարբերակ կա` կա՛մ խաղաղ ճանապարհով ընտրությունների միջոցով իշխանության փոփոխություն, կա՛մ արյունահեղությամբ իշխանափոխություն», – ընդգծեց Մինասյանը:
Նա նաև կարծում է, որ եթե իշխանությունը մերժում է առաջին տարբերակը, պետք է կանգնել և ժողովրդին անկեղծ ասել, որ միայն արյունահեղությամբ կարելի է հասնել իշխանափոխության:
«Մեր գլխավոր խնդիրը Սահմանադրական փոփոխությունների միջոցով նոր համակարգերի ձևավորումն է, որը հնարավորություն կտա վերացնել առկա արատավոր երևույթները», – եզրափակեց ՀՅԴ պատգամավորը: