Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ շարունակվեց ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, տեխնիկ Սամվել Մախուրյանի եւ ֆինանսական վարչության պատասխանատու Արա Լեւոնյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ավարտվեց դատակոչված վկաների մասով հարցաքննության փուլը եւ սկսվելու է ամբաստանյալների հարցաքննությունը:
Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Սամվել Մախուրյանն ասաց, որ պատրաստ չէ ցուցմունք տալ, քանի որ միջոցների սղության պատճառով ինքը պաշտպան չունի, ինչին հակադարձեց մեղադրող Հարություն Հարությունյանը՝ հայտարարելով, որ ամբաստանյալի բանավոր հայտարարությունը հիմք չէ, թե նա բավարար միջոցներ չունի, իսկ պետությունն էլ պարտավորված չէ այդ հիմքով նրան պաշտպան տրամադրել: Հայտարարությունը դուր չեկավ նաեւ Մարգար Օհանյանին, ով շտապեց ասել. «Ցուցում էր ստացել նիստը հետաձգել, հետաձգեց»: Իսկ վկա, 3-րդ սպայական վաշտի հրամանատար, Կոտայքի մարզը սպասարկող Նիկողայոս Եղիազարյանը հայտնեց, որ բենզինի հավելագրումները կապված են եղել տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու հեռանկարի հետ: Նշվեց, որ ստացվել է 5600 լիտր, անգամ 8000 լիտր բենզին, սակայն օգտագործվել է 4200 լիտրը: Դատական նիստը կշարունակվի փետրվարի 14-ին:
ՕՀԱՆՅԱՆԻ ՀԵԳՆԱՆՔԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ