Արցախում բոլորը համակերպվել են տարածքները հանձնելու մտքի հե՞տ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վահան Բադասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված հայտարարեց, որ այսօր Արցախի ժողովրդին փորձ է արվում դաստիարակել այնպես, որ լինի հնարավորինս անտարբեր. «Որ հասարակությունն այն աստիճան անտարբեր լինի, որ նորից ցանկանա, որպեսզի ռուսական զորքը մտնի այստեղ ու մեզ տրորի»:

-Պարո՛ն Բադասյան, Սերժ Սարգսյանը նախօրեին հայտարարեց, որ որևէ մեկը չի ասել, թե Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու է Արցախի հետ: Ինչպե՞ս են Արցախում վերաբերվում այդ հայտարարությանը:

-Նախ՝ ի սկզբանե դեմ եմ եղել, որ Հայաստանը ՄՄ անդամ դառնա, որովհետև դա ՌԴ-ի մահացու փորձն է: Իսկ այդ տնտեսական աճը, որ հայտարարվում է, թե լինելու է ՄՄ-ին անդամակցելու դեպքում, նայած, թե ով ինչպես է հասկանում: Օրինակ՝ ՀՀ բոլոր իշխանություններն էլ` առաջին, երկրորդ և երրորդ նախագահներն էլ իրենց ժամանակվա տնտեսության անկումը նույնպես աճ են համարում:

Մաթեմաթիկորեն դա աճ է, բայց մինուս աճ է: Իսկ եթե աճն ընդունում ենք վերելքը, ապա դա խեղաթյուրված կարծիք է: Ինչքան էլ ժամանակին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ապացուցում էր, որ ՄՄ մտնելը սխալ է, որովհետև տնտեսության անկում կլինի, Սերժ Սարգսյանը ճիշտ համարեց ՄՄ մտնելը:

Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները տնտեսության աճին պրոֆեսիոնալ ձևով չեն մոտենում: Այն, որ մեր ժողովուրդը` հատկապես Արցախի հատվածի ժողովուրդը, էն գլխից էլ գիտեին… օրինակ՝ ես շատ լավ գիտեի, որ դա շատ մեծ վտանգ է ու ՄՄ-ն դավադրություն է մեր ժողովրդի նկատմամբ:

Իհարկե, ամեն ինչն առաջին հերթին վերաբերում է Արցախի հարցին, դա խորը և լուրջ դավադրություն է: Իսկ տնտեսական առումով դա դավադրություն է ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ, ամբողջ Հայաստանի տնտեսության նկատմամբ:

-Ամեն դեպքում` արդեն իսկ տեսանելի է դառնում, որ ՄՄ-ին անդամակցելու դեպքում ամենավատը Արցախի վիճակն է լինելու, քանի որ Սերժ Սարգսյանը, փաստորեն, հաստատեց, որ Հայաստանը ՄՄ է մտնելու` առանց ԼՂՀ-ի:

-Նախ՝ ի՞նչ է նշանակում` ՄՄ մտնել, բայց ժողովրդին որևէ թափանցիկ տեղեկություն չտրամադրել դրա մասին: Կա՞ արդյոք այդ փաթեթը, որ լայն քննարկում լինի, որտեղ հստակ կա, որ մենք մտնելու ենք ՄՄ, թե չէ: Նախօրեին միայն իմացանք նախագահի պատասխանը` հետևյալ արտահայտությամբ. իսկ ո՞վ է ասել, որ մենք Արցախի հետ ենք ՄՄ մտնելու: Այսինքն՝ դուրս է գալիս, որ ՀՀ իշխանությունները համաձայն են Ալիևի հետ, իսկ եթե այստեղ Ալիևի հետ համաձայն են, ապա կարող են մյուս հարցերում ևս համաձայնության գալ և Մինսկի խմբի համանախագահները, որպես միջնորդ երկրներ, պետք չեն այլևս:

Այսինքն՝ դուրս է գալիս, որ ինչ-որ սյուրպրիզներ են լինելու: Վաղն էլ կասեն, թե մենք չենք ասել, որ մաքսակետ չենք դնելու Արցախի և Հայաստանի միջև: Իսկ մյուս օրն էլ կարող են ասել, որ մենք չենք ասել, թե ռուսական մաքսայինները չեն հսկելու այդ մաքսակետը, հաջորդ օրն էլ ասելու են, թե մենք չենք ասել, որ ռուսական զորք չի մտնելու Արցախ:

Այսինքն՝ սա մի իրադրություն է, որտեղ այսպիսի հարցականների շարանը մեզ բերելու է կատաստրոֆիկ վիճակի: Մենք կարող ենք վստահել Սերժ Սարգսյանին, պարտավոր ենք վստահել, բայց նկատի առնելով անցյալ տարվա պաշտոնական տվյալները, որ ՀՀ-ից հեռացել է 268 հազար մարդ` աշխատանք չունենալու պատճառով, մենք իրավունք չունենք որևէ մեկին վստահել: Ու եթե ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ օրենսդրորեն Արցախը ՀՀ-ի կազմի մեջ չէ և մեր պատկերացումներով ԼՂՀ-ն դուրս է ՀՀ-ից, ուրեմն մինչև հիմա Հայաստանի` որպես գարանտ, որպես անվտանգության երաշխավոր հանդես գալը Մինսկի խմբում կամ այլ տեղերում փուչիկ էր, սուտ էր:

Եթե կեղծ էր սա, ուրեմն թող Հայաստանն ինքն ընդհանրապես հրաժարվի Արցախի հարցի բանակցային կողմ լինելուց և վերականգնվի այն վիճակը, որը կար մինչև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում օրոք Արցախը դադարեց բանակցային կողմ լինելուց:

-Ըստ Ձեզ, ինչո՞ւ ԼՂՀ իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքում այս ամենին: Նկատելի է, որ ԼՂՀ շուրջ զարգացող այս վտանգավոր միտումների հետ կապված Ղարաբաղի իշխանությունները որևէ ձևով հակազդեցություն չեն ցուցաբերում:

-Դա պետք է պատասխանեն իրենք, ես որևէ բան չեմ կարող ասել: Երևի համակերպվում են, կամ չգիտեմ, գուցե իրենց էլ է ձեռնտու այս քայլը: Ես չգիտեմ, ես ենթադրում եմ այդ ամենը: Ցավն այն է, որ ԼՂՀ բոլոր իշխանությունները` սկսած 1994 թվականից մինչև հիմա, կարծես թե հասարակություն են դաստիարակում: Դաստիարակում են այնպես, որ հասարակությունն իր առօրյայով լինի այնքան տարված, որ անգամ ընդհանուր հարցի մասին չմտածի և այն աստիճան անտարբեր լինի, որ նորից ցանկանա, որպեսզի ռուսական զորքը մտնի այստեղ ու մեզ տրորի: Հիմա կարծես թե ամեն ինչ արվում է դրա համար:

Մեր բնակչության մեջ աշխատանք է տարվում հասարակական կազմակերպությունների, այսպես կոչված, կուսակցությունների կողմից այն առումով, որ բոլորը համակերպվել են այն մտքի հետ, որ այս տարածքը պետք է հանձնվի: Ով է այսօր տեր կանգնում, բացի մի քանի հոգուց: Ու վաղը երևի ամբողջ մեղքը գցվի մեզ վրա, որ մենք լավ չենք աշխատել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս