ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆՁՐԵՎՆԵՐՆ ԷԼ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ

Այս տարվա գարնանը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ համայնքներում տեղացած կարկուտը մեծ վնաս հասցրեց տարածքի գյուղացիական տնտեսություններին: Գյուղացիները դժգոհում են, որ Հայաստանի անկախացումից հետո Տավուշի մարզում, ի տարբերություն Արարատյան դաշտավայրի, այդպես էլ հակակարկտային կայաններ չգործարկվեցին, եւ հիմա իրենց աշխատանքի արդյունքը կախված է «երկնքի ծերից»: Խորհրդային տարիներին մարզում աշխատում էին հակակարկտային ջոկատներ, որոնք երկնքում սեւ ամպերի կուտակման դեպքում հրանոթային կրակոցներով դրանք ցրում, անձրեւների էին վերածում: Հիմա Բերդի տարածաշրջանի ֆերմերները դժգոհում են, որ իրենք կարծես հասարակածային գոտում լինեն. ամեն օր անձրեւներ են տեղում: Այդ տեղումները խանգարում են գարնան գյուղատնտեսական աշխատանքների բնականոն ընթացքին: Ի տարբերություն Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի, Վրաստանի՝ Հայաստանին սահմանակից Մառնեուլի տարածաշրջանում երաշտ է: Մայիս ամիսն է, սակայն այնտեղ խոտն արդեն չորացել է:
Հայաստանում գյուղատնտեսությունը համարվում է ռիսկային ոլորտ, այն չի ապահովագրվում: Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների գյուղացիները ադրբեջանական կրակի տակ, իրենց կյանքը վտանգելով, հող են մշակում, սակայն կարկտի, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով զրկվում են բերքից, կամ էլ չեն կարողանում իրացնել աճեցրած մթերքը: Բանկերից վերցրած, չմարված վարկերի պատճառով բազմաթիվ գյուղացիական ընտանիքների գործեր այժմ քննվում են մարզի առաջին ատյանի դատարանում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

ԴԻՄՈՒՄՆԵՐ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ

«Դեմ եմ» նախաձեռնությունը հայտնում է. «Մայիսի 15-ին ՀՀ ազգային ժողովն ընդունել է օրենք «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ այդ օրենքի 3-րդ հոդվածով կուտակային կենսաթոշակի մասնակիցներիս իրավունք է տրվել գրավոր դիմում ներկայացնել մեր գործատուներին՝ մեր աշխատավարձից կուտակային վճարներ չհաշվարկելու եւ չփոխանցելու մասին: Բացի այդ, օրենքի 5-րդ հոդվածում ասվում է, որ սույն օրենքը տարածվում է ս. թ. հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա, բացառությամբ այն դեպքի, երբ պարտադիր կուտակային վճարի պարտավորությունը Օրենքի 8-րդ եւ 8.1-րդ հոդվածներով սահմանված կարգով մարված է: Օրենքը 26.05.2014թ. ստորագրվել է Սերժ Սարգսյանի կողմից, այն մոտակա օրերին կհրապարակվի, ամեն դեպքում շտապում ենք ձեզ ներկայացնել այդ Օրենքի հիման վրա կազմված դիմումների ձեւանմուշները, որոնք կարող եք ներբեռնել եւ լրացնել, այնուհետեւ Օրենքի պաշտոնական հրապարակումից անմիջապես հետո ներկայացնել ձեր գործատուներին»:




Լրահոս