ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ 1-ԻՆ ՎԱՐԿԸ

Մինսկում կայացած ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ավարտից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ռուս գործընկերոջ՝ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ. «Պայմանավորվեցինք ատոմակայանի վերանորոգման աշխատանքների համար ձեռք բերել 300 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ: Պայմանավորվեցինք նաեւ սպառազինության հարցերում շատ ակտիվ համագործակցել»:

ՇՈՒՏ ՉԷ՞ ՀԱԱԳԱ ԳՆԱԼ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, իր տեղակալ Վախթանգ Միրումյանը, օգնական Էդվարդ Ստեփանյանը եւ պետական պահպանության ծառայության աշխատակից Կարեն Նադոյանը 2014 թվականի մայիսի 30-ից մինչեւ հունիսի 2-ը մեկնելու են Հաագա ` Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Համաշխարհային բանկի կառավարիչների եւ փոխկառավարիչների խորհրդի համաժողովի տարեկան հանդիպմանը մասնակցելու նպատակով։

ԿՐԱԿԵԼ ԵՆ

Մայիսի 29-ին Մոսկվայի կենտրոնում փորձել են սպանել հայ գործարարի: Սկուտերով տղամարդը 6 կրակոց է արձակել Mercedes-ի վարորդի ուղղությամբ եւ փորձել փախուստի դիմել: Սակայն մի քանի վայրկյան անց ոստիկանները բռնել են 51-ամյա մարդասպանին: Գործարարը, ում ցանկացել են սպանել, հայազգի բիզնեսմեն Վիկտոր Կատանյանն է, ում շտապ ծանր վիճակում հասցրել են հիվանդանոց:

ԲԺԻՇԿՆԵՐԻ ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈՒՆԻ՞Ց

Մայիսի 28-ին Գյումրիում ծննդաբերության ժամանակ 38-ամյա Կարինե Պապանյանը եւ երեխան մահացել էին: Մահացած կնոջ հարազատները պնդում են, որ Կարինեն մահացել է բժիշկների անուշադրության հետեւանքով։ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անդրադառնալով դեպքին՝ ասել էր. «Վերջնական բոլոր նյութերը քննարկվելու են Առողջապահության նախարարությունում, հատուկ նիստում, լինելու է շատ խիստ մոտեցում մայրական մահերի հետ կապված»:

ՑՈԳՈԼԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է

Մայրաքաղաք Երեւանի խանութներում եւ սուպերմարկետներում այս օրերին սկսել է ակտիվորեն վաճառվել ցոգոլը, որի 1 կգ-ն արժե 3000 դրամ: Ի դեպ, նախորդ տարիների համեմատ այս տարի ցոգոլի գինը թանկ է: Նշենք, որ նախորդ տարի քաղաքացին կարող էր 1կգ ցոգոլը ձեռք բերել 300 կամ 500 դրամով: Սրան զուգահեռ վաճառվում է նաեւ ներկրված ծիրան, որի գինն արժե 2500 դրամ:




Լրահոս