ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿԵՑ

Լոռու մարզկենտրոնում, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցն անցնող մորն ու որդուն: Lorinews.am-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել մայիսի 25-ին, Տիգրան Մեծ 10 հասցեում: Դեպքի վայրում աշխատել են Լոռու ճանապարհային ոստիկանները եւ քննչական խումբը՝ քննիչ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ: Վրաերթի են ենթարկվել 1987թ.-ին ծնված Ս. Երիցյանը եւ 2012թ.-ին ծնված Դ. Մկրտչյանը: Ինչպես փոխանցում է Lorinews.am-ը, մեքենայի վարորդը` Վանաձոր քաղաքի բնակիչ, 1978թ-ին ծնված Հ.Հակոբյանը, դեպքի վայրից փախուստի չի դիմել: Մեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ, իսկ վարորդը, քննիչի հանձնարարականով, անցել է բժշկական հետազոտություն, ինչի արդյունքում պարզվել է, որ նա գտնվել է սթափ վիճակում: Տուժածների` մոր եւ որդու առողջական վիճակը գնահատվել է բավարար:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի
ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մայիսի 29-ին, Շենգավիթ վարչական շրջանում գտնվող թիվ 0086 «Հայ փոստ» բաժանմունքում բավականին լուրջ իրավիճակ էր ստեղծվել: Բանն այն է, որ ոստիկանները նշված հասցեից դուրս էին բերել մի երիտասարդի եւ սկսել խուզարկել նրան: Ավելի ուշ հավաքվածները ճանաչել են երիտասարդին, ով Չարբախի բնակիչ 30-ամյա Սիմոնն է եղել, ում մոտ հայտնաբերել են թմրանյութի նմանվող դեղահաբեր: Այդ պահին Սիմոնն ասել է, թե դա իր հասցեով են ուղարկել, բայց ինքը չգիտի՝ ով է ուղարկել: Տեղեկությունը հաստատեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: Կատարվում է հետաքննություն:

ՀԷԿ-Ի ԱՇԽԱՏՈՂԻՄԱՀՎԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մահացած 33-ամյա Վարդան Ղարագյողյանի հարազատները շոկի մեջ են : «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վարդանի բարեկամներից Ռոբերտ Հակոբյանն ասաց, որ Վարդանն այն տղան չէր, որ ինքնասպան լիներ: Հիշեցնենք, որ ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել Գորիս քաղաքի «Դիտակետ» կոչվող տարածքում, մայիս 29-ին՝ ժամը 07.26-ի սահմաններում, որտեղից իբր Վարդանը նետվել է ձորը : Ի՞նչը կարող էր երիտասարդ տղային դրդել ինքնասպանության: Ինչպես «Ժողովուրդ»-ին պատմեց հարազատներից Ռոբերտ Հակոբյանը` Վարդանը դեպքի ժամանակ եղել է իր ընկերների հետ. « 4 ընկերներով գնացել են ձորի մոտ, օբյեկտի նման տեղ է, իրենց համար նստել են: Այդ տղաները , ովքեր Վարդանի հետ են եղել, նրա շատ հարազատ ընկերներն են: Ավելի ուշ տղաները նկատել են , որ Վարդանը գնացել է ձորի մոտ՝ երեւի մաքուր օդ շնչելու ու տեղի է ունեցել այս դեպքը»:
Ըստ մեր զրուցակցի՝ իրենք չեն հավատում, որ Վարդանը կարող էր ինքնասպանության գնալ. «Նա այդ տղան չէր , շատ լավ ընտանիքի երեխա, լավ մարդ, բարձրագույն կրթություն ստացած: Ոչ մի խնդիր չի ունեցել, որ, ասենք, դա է եղել պատճառը: Միգուցե կատարվածը անզգուշության հետեւանք է, ոչինչ չենք կարող ասել: Դեռ շոկի մեջ ենք, չենք հավատում, թե ինչ կատարվեց»:
Ինչպես տեղեկացանք մեր զրուցակցից՝ Վարդանն ամուսնացած էր, ուներ երկու երեխա: Վերջինս աշխատում էր «Որոտան» հէկ-ում:




Լրահոս