ԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ՎԱՍՏԱԿԱՎՈՐԻ ԿՈՉՈՒՄԸ ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԵՄ ՍՏԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստուհու կոչման:

-Լուիզա, շնորհավորում ենք Ձեզ վաստակավոր արտիստուհու կոչմանն արժանանալու կապակցությամբ:
-Շնորհակալ եմ:
-Սպասելի էր, որ այդքան երիտասարդ, կարժանանաք վաստակավոր արտիստուհու կոչման, ի վերջո` այն պարտավորեցնող է ու պատասխանատու:
-Այո, կոչումն, իրոք, պարտավորեցնող է: Կոչումը ստանալուց հետո իմ մեջ մի հետաքրքիր բան է փոխվել, որը կոչվում է պարտավորություն: Ինչ վերաբերում է տարիքային ցենզին, հավատացեք, սովետական կարծրատիպ է, երբ ասում են` վաստակավորի կոչման պետք է արժանանա տարիքով մարդը: Կարծում եմ` տարիքային ցենզ իրոք գոյություն չունի վաստակավորի կոչմանն արժանանալու համար: Ուրիշ բան է, որ վաստակես այդ կոչումը: Ես ոչ ավել ոչ պակաս 20 տարվա աշխատանքային փորձ ունեմ, 20 տարվա քրտնաջան աշխատանքի փորձ: Երեւացող-չերեւացող, հաջողված ու պարտված դերեր՝ 40-ից ավելի: Հետեւաբար, ներեցեք անհամեստությանս համար, ես ճիշտ ժամանակին արժանացա վաստակավոր արտիստուհու կոչման: Երբ կոչումը տալիս են ավելի ուշ տարիքում, հավատացեք, կորչում է նաեւ հետաքրքրությունն ու ոգեւորությունը:
-Լուիզա, Ձեր շատ գործընկերներ, ովքեր երկար ժամանակ է` սպասում են այդ կոչմանը, այս տարի եւս հուսախաբ եղան: Մտավախություն չունե՞ք, որ տեղի-անտեղի կքննադատվեք կամ, այսպես ասած, կդառնաք շատերի «աչքի փուշը»:
-Չէ, քանի որ արդեն իմունիտետ եմ ձեռք բերել: Ինչ վերաբերում է քննադատություններին, մշտապես ընդունում եմ առողջ քննադատությունը: Հարգում եմ բոլոր այն մարդկանց կարծիքը, ովքեր ինձ համար հեղինակություն են եւ օբյեկտիվ դիտողություն են անում: Ես կարծում եմ` իմ գործընկերների մեծ մասն ուրախ է իմ ստացած կոչման համար:
-Եթե կոչումների մասին մի փոքր գլոբալ խոսենք` կա՞ ինչ-որ չափանիշ, որով պիտի գնահատել` ով պետք է արժանանա վաստակավոր արտիստի կոչման:
-Եթե գլոբալ խոսենք՝ չկա ոչ մի չափորոշիչ, որով պետք է որոշվի` ում է տրվում այն: Կան մարդիկ, ովքեր ժողովրդի կողմից սիրված են, ճանաչված, բայց նրանք իրական ոչ մի արժեք չեն թողել: Իհարկե, դժվար է որեւէ չափորոշիչ նշել, ըստ որի` պետք է տրվի վաստակավորի կոչումը, բայց ցանկացած արտիստ մշտապես պետք է աշխատի եւ ձգտի պրոֆեսիոնալ լինել՝ անկախ կոչում ստանալ-չստանալուց:
-Ցանկացած ստեղծագործողի՝ պետական որեւէ կոչման արժանացնելն ինչ-որ տեղ ընկալվում է նաեւ որպես տվյալ ստեղծագործողին լռեցնելու փորձ: Արդյոք Ձեզ ինչ-որ կերպ կարո՞ղ է կաշկանդել վաստակավոր արտիստուհու կոչումը` իշխանության հասցեին քննադատական կարծիք հնչեցնելիս:
-Շատ լավ հարց եք տալիս: Ես, բացի վաստակավոր արտիստ լինելուց, նախ եւ առաջ մարդ եմ` իմ տեսակետով ու արժեքներով: Ես միշտ էլ կարտահայտեմ իմ կարծիքը` որպես քաղաքացի: Ես երբեք չեմ եղել դատարկ ընդդիմադիր, բայց ես իմ խոսքն ու իմ բողոքը տարբեր ձեւերով արտահայտել եմ: Ստանալ վաստակավոր արտիստի կոչում` չի նշանակում լռել, ընդհակառակը՝ նման կոչում ստացածները պետք է նախագահի հետ միասին բարեփոխումներ անեն: Ես վաստակավոր արտիստի կոչմանն արժանացել եմ առանց որեւէ մեկին քծնելու կամ դուր գալու: Հետեւաբար` այս ամենն ինձ համար հիմք է, որ շարունակեմ աշխատել, ու եթե հարկ լինի, նաեւ հայտնեմ իմ խոսքը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ




Լրահոս