ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ՝ ԴԵՍՊԱՆԻ ՕԲՅԵԿՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը մայիսի 29-ի համարում գրել էր, որ հունիսի սկզբին Երեւանում տեղի է ունենալու օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դեսպանների արտակարգ հավաք: Եվ այսպես, երեկ, Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմի եւ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Սարգսյանն իր խոսքում, մասնավորապես, շեշտել է. «Աշխարհում անկայունության լուրջ միտումներ են նկատվում: Աճում են լարվածությունն ու անորոշությունը: Դիվանագետը պետք է կարողանա ճիշտ ուսումնասիրել, վերլուծել եւ գնահատել իրավիճակը…: Ուստի սպասողական դիրքորոշում որդեգրած, դեպքերին լոկ արձագանքող, գործից խուսափող դիվանագետն անթույլատրելի ճոխություն է մեզ նման պետության համար»: Ինչ խոսք, լավ է ասված, ինչպես եւ բոլոր նախորդ ելույթները: Բայց որպեսզի այն իրականության հետ աղերս ունենա, ապա Սերժ Սարգսյանը հանդիպումից հետո առնվազն պետք է ստորագրեր Ղազախստանում ՀՀ դեսպանի ազատման հրամանը՝ Աստանայի «նամակային դիվանագիտությունից» տեղյակ չլինելու համար, դրանից հետո ստորագրեր բոլոր այն դեսպանների ազատման հրամանները, ովքեր արտերկրում զբաղված են միայն բիզնեսով ու Հայաստանից մեկնող բարձրաստիճան չինովնիկների կանանց «շոփինգը» սպասարկելով: Եվ փոխարենը, իրենց դիվանագիտական ծառայությունը փայլուն կատարող գոնե մեկ-երկու դեսպանի մատնանշեր, ովքեր անձնական միջոցներով մի ողջ դեսպանատուն են պահում:

Ի դեպ, դեսպանների հետ հանդիպումը ընթանում էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որը պատկանում է Իրաքում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանին, եւ ԴԱՀԿ-ի կողմից դրված է վիճարկելի աճուրդի:

 

ԼՂՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վահան Բադասյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով օրերս Ծաղկաձորում` երիտհանրապետականների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը` ի պատասխան` Աստանայում Նազարբաեւի խոսքերի, թե «ՀՀ-ն Մաքսային միություն է գնում առանց Արցախի», ասաց, որ սրանից հետո պետք է այլ «սյուրպրիզների» սպասել: «Ու եթե ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ օրենսդրորեն Արցախը ՀՀ-ի կազմի մեջ չէ եւ մեր պատկերացումներով՝ ԼՂՀ-ն դուրս է ՀՀ-ից, ուրեմն մինչեւ հիմա Հայաստանի` որպես գարանտ, որպես անվտանգության երաշխավոր հանդես գալը Մինսկի խմբում կամ այլ տեղերում փուչիկ էր, սուտ էր: Այսինքն՝ դուրս է գալիս, որ ՀՀ իշխանությունները համաձայն են Ալիեւի հետ: Իսկ եթե համաձայն են, վաղն էլ կասեն, թե մենք չենք ասել, որ մաքսակետ չենք դնելու Արցախի եւ Հայաստանի միջեւ: Այսինքն՝ սա մի իրադրություն է, որտեղ այսպիսի հարցականների շարանը մեզ բերելու է կատաստրոֆիկ վիճակի»:

 

Չնայած Արթուր Բաղդասարյանն ապրիլին հրաժարական տվեց ՀՀ ԱԱԽ քարտուղարի պաշտոնից, սակայն շարունակում է մնալ ԱԱԽ կազմում: ԱԱԽ կազմում է նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Եվ սա այն դեպքում, երբ երկու կուսակցություններն էլ դուրս են եկել իշխող կոալիցիայից` մեկն իրեն հռչակել է ընդդիմադիր, մյուսը՝ այլընտրանք: «Ժողովուրդ»-ի հարցմանը, թե ինչո՞ւ խորհրդարանական մյուս ուժերի ներկայացուցիչներից չկան ԱԱԽ կազմում, եւ արդյո՞ք այդպես ավելի տրամաբանական չէր լինի, ՀՀ նախագահի աշխատակազմից պատասխանել են. «Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետի՝ ԱԱԽ-ն կազմավորվում է ՀՀ նախագահի հայեցողությամբ»: Փաստորեն, Սերժ Սարգսյանը հայեցողաբար մի աթոռը տվել է Գագիկ Ծառուկյանին սիրաշահելու համար, ով, ի դեպ, մինչ օրս երեւի մեկ-երկու ԱԱԽ նիստի է մասնակցել, իսկ Արթուր Բաղդասարյանին էլ ազատել է ԱԱԽՔ-ի պաշտոնից՝ թողնելով խորհրդի անդամ: Իսկ որտեղ է տրամաբանությունը:

 

«Ժողովուրդ»-ը մայիսի 30-ի համարում անդրադարձել էր «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի եւ մյուս կողմից` քրեական հեղինակություններ` Քանաքեռցի Տույի ու Երրորդմասցի Լյովիկի միջեւ շարունակվող հակամարտությանը: Հրապարակումից հետո թեմային տեղյակ բազմաթիվ մարդիկ զանգահարեցին «Ժողովուրդ»-ի խմբագրություն եւ հայտնեցին, որ իսկապես քրեական աշխարհում իրավիճակը լարված է: Պարզվում է՝ «Օշականցի Գեւորիկի» ծեծը տեսանկարահանվել է եւ գրեթե բոլոր քրեական հեղինակությունների բջջային հեռախոսների մեջ առկա են այդ վիդեոկադրերը: Իսկ դա նշանակում է, որ Գեւորգ Մելիքյանը իր՝ «օրենքով գողի» տիտղոսը պահելու համար պետք է հրապարակավ գոնե ապտակի Երրորդմասցի Լյովիկին: Սակայն այս հեռանկարը ընդունելի չէ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի համար, քանի որ Լյովիկը վարչապետի որդու` Արգամ Աբրահամյանի ընկերն է, նրա հետ ընդհանուր բիզնես ունի՝ Արգավանդի խճուղու վրա գտնվող գազալցակայան: Բացի այդ, Աբրահամյանները ցանկանում են, որ թիվ մեկ քրեական հեղինակությունը լինի հենց Լյովիկը:




Լրահոս