ԵՆԹԱԿԱՅԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒՆ ՉԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի Հացավան համայնքի բնակիչ Կամո Մուրադյանն ու համայնքի ղեկավար Շավարշ Սարգսյանն արդեն մի քանի տարի է, ինչ վեճի մեջ են: Բանն այն է, որ համայնքի մի մասին սպասարկող լույսի ենթակայանը գտնվում է Կամո Մուրադյանին պատկանող հողատարածքում, որտեղ նա պատրաստվում է տուն կառուցել: Մուրադյանը տեւական ժամանակ է` համապատասխան պետական կառույցներից պահանջում է իր հողատարածքից հանել լույսի ենթակայանը: Սակայն` անօգուտ. քաղաքացուն առաջարկում են իր սեփական միջոցներով ենթակայանը տեղափոխել այլ տարածք:

Ըստ մասնագետների՝ բարձր կիլովոլտանոց հոսանքագծի տակ ապրելը մարդու առողջության համար մեծ վտանգ է ներկայացնում: Այն կարող է մարդու մոտ առաջացնել օնկոլոգիական մի շարք հիվանդություններ, քանի որ նման վայրերում մշտապես էլեկտրամագնիսական դաշտ կա:
Հացավանի բնակիչ Կամո Մուրադյանի պնդմամբ՝ իրեն պատկանող հողատարածքում էներգետիկ անվտանգության գոտիները պահպանված չեն, ավելին՝ դրա առկայության դեպքում տուն կառուցելը կամ այլ գործունեություն ծավալելը խիստ վտանգավոր է: Իր հողամասում գտնվող ենթակայանի պատճառով «Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացին այսօր չի կարողանում որեւէ տեխնիկա մտցնել այգի կամ այնտեղ տուն կառուցել:
Նշենք, որ անկախացումից հետո ՀՀ գյուղապետերն ակտիվորեն վաճառում էին անգամ խիստ վտանգավոր գոտիներում գտնվող հողատարածքները: Մինչդեռ էներգետիկ անվտանգության գոտիներում հողհատկացում անելու համար նրանք պետք է Հայաստանի էլեկտրական ցանցերից ստանային տեխնիկական եզրակացություն, որի հիման վրա միայն պետք է որոշվեր թույլատրելի է, թե՝ ոչ տվյալ տարածքում կառուցապատում անելը: Այս շարքին էր դասվում նաեւ Հացավանի նախկին գյուղապետը, ով խնդրո առարկա հողամասը վաճառել էր առանց պահպանելու վերը նշված ընթացակարգը: Իսկ Կամո Մուրադյանի ծնողներն էլ, լինելով տարեց մարդիկ, առանձնապես խորամուխ չեն եղել, եւ չեն գիտակցել ենթակայանի առկայության ստեղծած խնդիրները: Սակայն այս պարտադիր ընթացակարգը Մուրադյանի դեպքում չի գործել:
ՀՀ կառավարությունն իր որոշումներից մեկում սահմանել է էներգետիկ բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիների չափորոշիչներն ու դրանց օգտագործման կարգը: Ըստ այդմ` մինչեւ 20 կիլովոլտ լարման դեպքում հոսանքալարերից աջ ու ձախ անվտանգության գոտին սահմանվում է 10 մետր, 35 կիլովոլտ լարման դեպքում գործունեություն կարելի է ծավալել 15 մետր հեռավորության վրա, 110 կիլովոլտի դեպքում՝ 20 մետրից ոչ պակաս: Իսկ ահա 150-220 կիլովոլտի դեպքում` սահմանված է 25 մետր: Կամո Մուրադյանի պարագայում այս չափորոշիչները չեն պահպանվել: Նշենք, որ նրան պատկանող հողատարածքում լույսի ենթակայանը գործել է դեռեւս 1948-ականներից:
«Վախենում ենք մտնենք այգի, որովհետեւ անձրեւի, քամու պատճառով լարեր են պոկվում, մենք էլ, որ մտնենք՝ կհոսանքահարվենք: Էս արդեն քանի տարի է, ինչ պահանջում եմ, խնդրում, որ սա հանեն տանեն մեկ այլ տարածքում տեղադրեն, ես էլ իմ տունը կառուցեմ, սա խանգարում է ինձ: Չեն անում: Երբ սկսեցի դժգոհել, բողոքել, թե ենթակայանը հանեք իմ այգուց, փաստացի հանեցին ենթակայանը, դրա փոխարեն ավելացրեցին ճանապարհից մի փոքր հատված, որն անպետք է»,- զայրացած պատմեց հացավանցին` հավելելով, որ այս հարցով դիմել է նաեւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանին, «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ-ին, սակայն ապարդյուն:
«Ոչ մի կոնկրետ պատասխան չեն տալիս: Ասում են՝ դու քո սեփական միջոցներով ինքդ հանի այդ ենթակայանը ու տեղադրի այլ տարածքում: Բայց ես ի՞նչ անեմ, ես նույնիսկ բավարար միջոց չունեմ ապրելու համար, ուր մնաց՝ ենթակայան տեղափոխեմ, քար գնեմ, բետոն անեմ ու դա տեղադրեմ: Չեմ կարող, չունեմ հնարավորություն: Վատ վիճակում եմ ապրում. եղբորս տանը, իմ սեփական տունը չունեմ, ի վերջո պետք է առանձնանա՞մ, թե՞ ոչ»:
Կամո Մուրադյանն այս հարցով դիմել է նաեւ Հացավանում բնակվող ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանին: Վերջինս խոստացել է օգնել, սակայն դեռ ոչ մի գործնական արձագանք չկա: Ընդամենը մեկ պատասխան՝ գործն ընթացքի մեջ է: Իսկ թե երբ այն կլուծվի կամ, առհասարակ, կլուծվի` ոչ ոք չի կարող ասել:
Ավելին՝ հարցին լուծում տալու փոխարեն Մուրադյանին խորհուրդ են տալիս եւ միաժամանակ պահանջում կտրել այգու ծառերը. «Ես 40 տարեկան տղա եմ, այս այգու յուրաքանչյուր ծառն իմ տարիքին է, ո՞նց դրանք կտրեմ թափեմ: Չ՞է որ իմ եկամտի աղբյուրն է: Դրանց շնորհիվ եմ ապրում ու ընտանիքս պահում: Ամեն տարի մի 150-200 կգ ընկույզ եմ հավաքում: Ես դրանք ոնց կտրեմ»:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Հացավանի գյուղապետ Շավարշ Սարգսյանի հետ, ով ասաց. «1948 թվականից ի վեր այդ ենթակայանը գտնվել է հենց այդ հողատարածքում: Մուրադյանի պահանջն անօրինական է: Դա իր հողամասի հարեւանությամբ է գտնվում: Իր այգու հարեւանությամբ հող ենք հատկացրել, որպեսզի նա այնտեղ շինություն կառուցի եւ ենթակայանը տեղափոխի այնտեղ: Չի համաձայնվում: Ինքը պահանջում է, որ պետությունը գա ու իր ուժերով այն հանի, բայց պետությունն էլ չի անում: Ինքն ուղղակի ուզում է ենթակայանի հատվածը զավթի: Մոտավորապես մի 300 քմ-ի կռիվ է»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս