ՀԱՅԿԱԿԱՆ ԶԱՐԴԵՐՆ ՈՒՆԵՆ ԻՐԵՆՑ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զարդը գեղագիտական ճաշակի դրսեւորում է: Զարդեր կրում են ե՛ւ կանայք, ե՛ւ տղամարդիկ: Եթե զարդերը ներկայում կրում են միայն որպես աքսեսուար, ապա հին ժամանակներում զարդերը կրելիս հաշվի են առել նաեւ դրանց նշանակությունը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին նշեց, որ նախկինում` մինչեւ 1920-ականները, հայերը զարդերը կրել են որպես հմայիլ, որպես գեղեցկության ու նաեւ ամուսնացող զույգին միավորող խորհրդանիշ:

Զարդերն անցյալում հայերի համար ունեցել են իրենց պահպանելու, աուրան մաքրելու խորհուրդ: Հին Հայաստանում յուրաքանչյուր հայ կրել է այնպիսի զարդ, որը համապատասխան է եղել իր տարիքին: Այն կարծիքը, թե Հին Հայաստանում չամուսնացած աղջիկն իրավունք չուներ զարդեր կրելու, Լուսիկ Ագուլեցին չի կիսում: Եղել են շրջաններ, օրինակ՝ Ջավախքում, որտեղ չամուսնացած` 12-13 տարեկան աղջկան ոտքից գլուխ զարդեր են հագցրել: Այսօր, ըստ Ագուլեցու՝ հայկական զարդեր կրողների մեծ մասը չգիտի դրանց նշանակությունը. «Ամեն ինչ այսօր դարձել է վերացական: Գաղափարին քիչ է ուշադրություն դարձվում»,- մտահոգվում է ազգագրագետը եւ խորհուրդ տալիս` ցանկացած զարդ կրելիս իմանալ նաեւ դրա նշանակությունը»:
Նորաձեւության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ համաշխարհային նորաձեւության մեջ էթնիկ մշակույթն ունի իր ուրույն տեղը: Մարիաննա Քաբաբյանի խոսքով` հայ հասարակության շրջանում հետաքրքրությունը մեծ է ոչ միայն հայկական զարդերի, այլեւ այն ամենի նկատմամբ, ինչ հայկական է: Ինչ վերաբերում է կոնկրետ հայկական զարդերին, ապա դրանց նկատմամբ հետաքրքրությունն, ըստ մեր զրուցակցի՝ մեծացավ հատկապես Սիրուշոյի «Պռեգոմեշ» տեսահոլովակից հետո, երբ երգչուհին ստեղծեց «Պռեգոմեշ» զարդերի հավաքածուն: Հետաքրքրությունն այնքան մեծ էր հայկական զարդերի նկատմամբ, որ տարբեր երիտասարդներ հայկական տարազով, զարդերով լուսանկարներ հրապարակեցին: Եթե նախկինում հայկական զարդեր կրում էին Հայաստան այցելած զբոսաշրջիկները, հիմա հայ երիտասարդները եւս կրում են այն, չնայած դրանց՝ մի փոքր թանկ լինելուն:
Ինչ վերաբերում է զարդերի նշանակությանն ու խորհրդին, Մարիաննա Քաբաբյանը համակարծիք է ազգագրագետի տեսակետին` հայկական զարդեր կրողների մեծ մասը զարդերի խորհուրդը չգիտի, քանի որ պրոպագանդա չի արվում: Նորաձեւության բլոգերը, սակայն, կարծում է, որ շարքային քաղաքացու համար պարտադիր չէ իմանալ հայկական զարդերի խորհուրդն ու նշանակությունը. «Երբ մենք կրում ենք մեքսիկական նախշով որեւէ կոշիկ կամ տաբատ, մենք չենք հետաքրքրվում դրա նշանակությամբ, պարզապես կրում ենք այն, քանի որ գեղեցիկ է ու ակտուալ: Նույնը վերաբերում է նաեւ հայկական զարդերին»:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ




Լրահոս