Ստեփան Սաֆարյանը «Ժառանգության» վարչության նոր կազմում չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ   հունիսի վերջին  նախատեսված է   կուսակցության համագումար, սակայն հստակ օրն ու վայրը դեռ պարզ չէ:

Հայտնի չէ նաև  համագումարին  քաղաքական այլ ուժերի  մասնակցությունը: Համագումարի ընթացքում  կամփոփվի կուսակցության երկու տարվա աշխատանքը:   Ստեփան Սաֆարյանը ո´չ հերքեց, ո´չ էլ հաստատեց այն տեղեկությունները, թե հնարավոր է՝  «Ժառանգություն» կուսակցության նախագահի փոփոխություն:  «Ես տեղեկություն չունեմ: Նման հարց «Ժառանգության» ներսում չի քննարկվել»,-ասաց Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի` Հայաստանից հեռանալու խոսակցություններին,  այդ մասին ևս կուսակցության ներկայացուցիչը հստակ ոչինչ չասաց. «Նման լուրեր տարածողները թող փաստեր բերեն: Չեմ ուզում պրն Հովհաննիսյանի  անունից խոսել: Դա իր  անձնական տիրույթում է և իր քննարկելիք հարցն է»:

Եթե Րաֆֆի Հովհաննիսյանի հեռանալու մասին  տեղեկատվությունը  դեռ հաստատված չէ, համագումարում քննարկվելիք  հարցերն էլ չհստակեցված, ապա Ստեփան Սաֆարյանի «Ժառանգության»  վարչության  նոր կազմում չմնալը հաստատ է: Դա պայմանավորված է  Սաֆարյանի կողմից հիմնած միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի գործունեությամբ: «Ֆիզիկապես չեմ կարող  համատեղել կուսակցական, գիտական,  հասարակական աշխատանքը: Այդ պատճառով ես կուսակցության վարչության ապագա կազմում չեմ լինելու»,- եզրափակեց Սաֆարյանը:

 

 




Լրահոս