ՀՐԱԶԴԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏԻՎ ՊԱՏԿԵՐԸ. ԱՄԵՆ ԻՆՉ ՎԱՃԱՌՎՈՒՄ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլորին է հայտնի, որ Հրազդանում կայացած քաղաքապետի ընտրությունները միայն Հրազդանի ու միայն քաղաքապետի ընտրություններ չէին: Այդ ընտրությունը մեր վաղվա խորհրդարանի պատկերն ուրվագծող առաջին քայլն էր: Տեսնելով իշխանության պահվածքը, ես վախեցա… Այո, չեմ վախենում ասել, ես վախեցա, որովհետեւ սրանք մեր ժողովրդին սարքել են մուրացիկ, անինքնասեր, ողորմելի ստրուկներ: Մարդիկ հոտի պես քշվում էին ընտրատեղամասեր` տիրոջ հինգհազար դրամանոց զգոն հայացքի ներքո: Մասնակցելով ընտրական գործընացին` որպես դիտորդ, հասկացա, որ հրազդանցիներին փող էին բաժանել հենց նրանք, ովքեր ընտրատեսամասերում հանձնաժողովի անդամ էին կամ թեկնածու Արամ Դանիելյանի վստահված անձը: Այսինքն` “տես հա, մեր Ջնդոն տեղամասում կլինի, կտեսնի ու կիմանա` քվեարկեցիր, թե չէ”: Այսպիսի տքեստի ուղեկցությամբ մարդիկ մտնում էին տեղամասեր, մոլորվում, որ Ջնդոն կամ մյուս ջնդոները տեղամասում են, սակայն կուչ են եկել, մի տեսակ էն չեն: Բայց ամեն դեպքում վախենում էին, բա որ Ջնդոն տեսնի: Ով որ մի փոքր վախկոտ չէր, մոտ հինգ անգամ ծալում էր քվեաթերթիկը, դնում ծրարի մեջ, վախվորած նայելով Ջնդոյին դուրս էր գալիս: Հետո պարզվում էր, որ այդ վախեցած ու միաժամանակ ամնահամարձակ քվեարկողն իր ձայնը տվել է հենց Սասուն Միքայելյանին: Իհարկե, այսպիսի դեպքեր շատ եղան: Բայց ափսոս որ ավելի շատ չէին: Կային ստրուկի հայացքով մարդիկ, որոնց վրայից երեւում էր 5000 դրամանոցի շունչը ու նրանք պատրաստ էին ծառայել ցանկացածին ով կտար ասենք 5.500 դրամ: Հիմա դառնամ “գող ջնդոներին”, որոնց որակեցի կուչ եկած: Իսկապես խուժանը, փողոցային ու քրեական տարրերի աստղաբույլը Հրազդանում դերակատար չէր կիրակի օրը: Նրանք կամ չկային կամ “չեղածի հաշիվ” էին: ՀՀ ոստիկանությունն էլ նրանց պահապանը չէր: Զարմանալի է, բայց աչքով եմ տեսել: Առանց բացառության բոլոր ընտրատեղամասերում դրության տերը Սասուն Միքայելյանն էր` իր կողմնակիցներով ու ՀԱԿ-ի առաջնորդներով: Ընտրատեղամասերի բակում եւս Սասունի տղերքն էին: Այնպիսի տպավորություն էր, որ Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունեցել, ՀՀԿ-ականներն էլ ընդհատակում են: Միայն ժամանակ առ ժամանակ ՀՀԿ-ական թեկնածուն հայտարարություն էր տարածում, թե Սասուն Միքայելյանի կողմնակիցները “Ջիփ”-երով շրջում են, լրագրողները (հատկապես “Ժողովուրդ” օրաթերթը) միջամտում են ընտրական գործընթացին: Ահա այսպիսի հաղթական մթնոլորտում շարունակվում էր ընտրությունը` հընթացս գրանցվող մանր ու մեծ խախտումներով, որոնք ՀՀԿ-ի համար արդեն կենսակերպ են դարձել: Դրանց մասին նույն  օրը Միքայելյանի շտաբը հայտարարել է: Այնուհետեւ մարզպետ Կովալենկո Շահգալդյանը սկսեց լուրեր տարածել, թե իրենց մոտ վիճակը լավ չէ, խուճապ է եւ այլն: Հետո ընտրատարածքները փակվեցին ու անմիջապես երեք տեղամասեր հոսանքազրկվեցին: Սասուն Միքայելյանի կողմնակիցները գրկել էին քվեատուձերը մոտ 15 րոպե, մինչեւ “լույսերը տվին”: Եւ… սկսվեց հաշվարկը: Միքայելյանը 100-150 ձայների առավելությամբ առջեւում էր: Հենց քվեաթերթիկները հասնում էին քվեատուփի կեսին, Միքայելյանի ձայները մնացին նույն թվի վրա, իսկ Դանիելյանի ձայները շեշտակի աճեցին: Սա նշանակում է, որ առավոտյան ՀՀԿ-ն բաժանել էր գումարները, մարդկային լցոնումներ իրականացրել եւ ավարտել իր գործը: Իսկ Սասուն Միքայելյանի կողմնակիցները գնացել ու քվեարկել էին կեսօրից հետո: Եւ այսպես, ողջ երկիրը, իշխանական լծակները, միլիոնավոր դոլարներն ընդդեմ Սասուն Միքայելյանի պայքարում վերջինս զիջեց ընդամենը 1500 ձայնով: Այսինքն` Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ն ոչինչ է մարզում: Բայց այս ամենի մեջ ամենավտանգավորը ծախվելու ընդունակություն ձեռ բերած ՀՀ քաղաքացին է: Բա որ մի թուրք կամ թրքացած հայ գա Հայաստան ու թեկնածություն դնի` թեկուզ գյուղապետի` ամեն ձայնին 100 ԱՄՆ դոլար տալով, ինչ ենք անելու: Սա ազգային աղետ է: Թեեւ այս աղետը պետք է զգայինք այն ժամանակ երբ ՀՀ վարչապետի մանկապիղծ խորհրդականը գումարների դիմաց երիտասարդ սերնդին Ալավերդիում “փչացրեց”: Հիշում եք, թե մայրերը ոնց էին պաշտպանում մանկապիղծին` իրենց քավոր կարգելով Սերոբ Տեր-Պողոսյանին: Նրանք էլ իրենց որդիների կուսությունը վաճառեցին: Փաստորեն մեր երկրում ամեն ինչ վաճառվում է: Ականջդ կանչի Արթուր Մեսչյան:




Լրահոս