ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՇԽԱՐՀԻ 9 ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ

Ամերիկյան «Forbes» հանդեսը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներառել է «Պետք է հիշել» խորագրի տակ ներկայացված աշխարհի 9 հիշատակի թանգարանների ցանկում: Հանդեսը նշում է, որ թանգարանի մշտական ցուցադրությունում ներկայացված են փաստաթղթեր, վավերագրական արժեք ունեցող լուսանկարներ, տարբեր նյութեր, որոնք պատմում են 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին: Ներկայում թանգարանը պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ցուցադրությանը: Այցելուների համար այն բաց է լինելու 2015թ. ապրիլին: Ի դեպ, «Պետք է հիշել» խորագրի ներքո տեղ են գտել նաեւ ԳՈՒԼԱԳ-ի թանգարանը Մոսկվայում, Խաղաղության հուշահամալիր-թանգարանը Հիրոսիմայում, Հոլոքոստի թանգարանը Երուսաղեմում, «Տիտանիկ Բելֆասթ»-ի թանգարանը Հյուսիսային Իռլանդիայում, Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհանեսբուրգ քաղաքում գտնվող Ապարտեիդի թանգարանը, Կիեւի Չեռնոբիլի թանգարանը եւ Ղրիմի Ջրային աղետների թանգարանը:

ՓԻԹԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

Ամերիկացի հայտնի դերասան Բրեդ Փիթը մեկնաբանել է օրեր առաջ կարմիր գորգին իր վրա կատարված հարձակումը: Նա ասել է, որ ինքը «դեմ չէ էքսհիբիցիոնիստին»՝ Սեդյուկին, սակայն նա խոսել է նաեւ հետեւանքների մասին: «Եթե այդ մարդն այդպես շարունակի, ապա կփչացնի ամեն ինչ երկրպագուների համար, ովքեր ամբողջ գիշեր սպասում են ինքնագրի կամ ինքնալուսանկարի: Չէ՞ որ մարդիկ կսկսեն վախենալ ամբոխին մոտենալուց»,-նշել է Փիթը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրերս Հոլիվուդում «Մալեֆիսենտա» ֆիլմի պրեմիերայի ժամանակ դերասան Բրեդ Փիթի վրա էր հարձակվել ուկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկը:

ՊԻԶԱՅԻ ԱՇՏԱՐԱԿԸ ՈՒՂՂԵԼ ԵՆ

Մի խումբ ինժեներներ, ովքեր աշխատել են Պիզայի աշտարակի անկման գործընթացը դադարեցնելու ուղղությամբ, հաշվետվություն են ներկայացրել աշխատանքների ավարտի մասին: 800 տարվա մեջ առաջին անգամ ճարտարապետական եզակի շինությունն ամուր կանգնած է իր հիմքի վրա եւ այլեւս չի թեքվում: Աշտարակի անկումը հաջողվել է դադարեցնել հյուսիսային հատվածի տակից 700 տոննա հող հանելու միջոցով, որի արդյունքում կառույցը հավասարեցվել է կես մետրով: Այժմ փորձագետները, չափումներ անելով, եկել են այն եզրահանգման, որ աշտարակը դադարել է թեքվել, եւ կպահպանվի այդ դիրքում առնվազն 200 տարի:




Լրահոս