Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը Բրազիլիայում մեկնարկելիք աշխարհի առաջնությունից առաջ խոսել է Լուիս Ֆելիպե Սկոլարիի թիմի հնարավորությունների մասին՝ նշելով, որ Բրազիլիայի հավաքականը միշտ եղել է այսպիսի մրցաշարերի ֆավորիտը, գրում է Marca-ն:
«Միշտ երազել եմ խաղալ Բրազիլիայում, և Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ժամանակ ստացա նման հնարավորություն։ Մեր հավաքականը լավ հանդես եկավ, սակայն եզրափակիչում պարտվեց բրազիլացիներին», – նշել է նա:
Իսպանիայի հավաքականի հնարավորությունների մասին Ռամոսն ասել է.
«Այժմ մենք աշխարհի գործող չեմպիոնն ենք և պետք է պաշտպանենք տիտղոսը։ Լավատեսական տրամադրություն ունենք, սակայն չափազանց բարդ կլինի հասնել նպատակին»,- ընդգծել է նա:
Նշենք, որ Իսպանիայի հավաքականն ընդգրկվել է B խմբում և կմրցի Ավստրալիայի, Չիլիի և Հոլանդիայի հավաքականների հետ։