ԱԺ ոչ իշխանական ուժերը` ՀՅԴ-n, «Ժառանգությունը», ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ն օրերս ներկայացրին իշխանությանն ուղղված 12 պահանջները և ժամանակ տվեցին մինչև սեպտեմբերի վերջ` առկա խնդիրները վերացնելու համար:
Armlur.am-ի հետ զրույցում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանն ասաց, որ «քառյակի» ներկայացրած պահանջներն ընդունելի են իշխանության համար, բայց չեն համապատասխանում քաղաքական ներկա իրավիճակին:
«Քառյակի» ներկայացրած պահանջները քաղաքական օրակարգ չի կարելի համարել»,- կարծում է Մակեյանը:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավարի խոսքով` «քառյակի» ներկայացրած 12 կետերը, իհարկե, հուզում են մեր քաղաքացիներին, բայց պետք է խոսել ոչ թե հետևանքների, այլ` պատճառի մասին:
Մակեյանի խոսքով` այն խնդիրները, որոնք ներկայացրել է «քառյակը», առաջացել են Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին, հետևաբար, քառյակի թիրախում պետք է լինեին այդ երկու անձինք:
Իշխանությունը, թեև հայտարարել է, որ «քառյակի» պահանջերն ընդունելի են իր համար, բայց Մակեյանը կարծում է, որ այդ պահանջները կյանքի կոչելու համար քայլեր չեն ձեռնարկվի:
«Իշխանությունը հիմա նոր գործելաոճ է որդեգրել. նա իրեն ընդդիմությունից ավելի խիստ է քննադատում: Իշխող կուսակցությունը կանի այն, ինչ միշտ է արել` իմիտացիա»,-վստահ է Մակեյանը:
Սոնա Դավթյան