ԲԱՆԱԿԸ ՊԵՏՔ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի մոտ յուրահատուկ փոխակերպում է տեղի ունեցել: Նա, «Ա1+»-ի հետ խոսելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծի շուրջ, որով թույլատրվում է արտակարգ ռեժիմի պայմաններում բանակն օգտագործել ներքաղաքական հարցերը կարգավորելու համար, ցնցող հայտարարություն էր արել. «Ես, ընդհանրապես ասած, այն ժամանակ դեմ էի բանակն օգտագործելուն, բայց իրավիճակներ են լինում, երբ դա անխուսափելի է»: Այսինքն` քանի դեռ Մանուկյանն ընդդիմադիր էր, դատապարտում էր արտակարգ իրավիճակներում բանակն օգտագործելուն: Իսկ հիմա, երբ նա հայտնվել է իշխանական ճամբարում, անգամ դա որակում է անխուսափելի: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանից պարզել, թե որ դեպքում պետք է հայ զինվորը խառնվի Հայաստանի ներքին կյանքը կարգավորելու գործին: Ըստ Մանուկյանի բացատրության` «Բանակի օգտագործման դեպքերը պետք է հստակ կանոնակարգված լինեն, օրինակ, երբ երկրի ներսում խռովություն է, ու դրա թիկունքում դրսից ուժեր կան կանգնած»: Այսինքն` միշտ: Քանի որ այս իշխանությունները հասարակական ընդվզումների թիկունքում մշտապես դրսի ուժերին են տեսնում: Բայց վստահ ենք, որ վաղը, երբ Վ.Մանուկյանը կրկին հայտնվի ընդդիմադիր ճամբարում, դարձյալ կքննադատի արդեն կյանքի կոչված այս օրենքը, քանի որ ՀՀ ներքին զորքերը բավարար են` Հայաստանում կայունությունը պահպանելու համար:




Լրահոս