ԷԼԻ ԽՈՏԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե Ռոբերտ Քոչարյանի հիմնական նախասիրությունները «տուռնիկն» ու  որսն են, իսկ Սերժ Սարգսյանինը` կազինոներն ու շախմատը, ապա վարչապետ Տիգրան Սարգսյանի դեպքում այդ նախասիրություններին «տեղ ու դադար» չկա: Սակայն եթե Քոչարյանն ու Սարգսյանը յուրաքանչյուրն իր նախընտրած «մարզաձեւին» բավական լավ է տիրապետում, ապա Տիգրան Սարգսյանի մոտ համատարած ձախողում է բոլոր ձեւերում: Այդ շարքում անշուշտ նկատի չունենք Տիգրան Սարգսյանի` կով կթելու վարպետությունները, քանի որ գյուղատնտեսական թեմաներով PR այցերի ընթացքում վարչապետն  իր կթվորական ունակությունները ներկայացրել է զուտ տեսական մակարդակով` առայժմ գյուղի հանդեպ իր անսահման սերը փոխանցելով կճուճների ֆոնին երեւացող գոմերի դռներից այս կողմ: Սակայն մեր հարգարժան վարչապետը, ինչպես հայտնի է, բազմակողմանիորեն զարգացած մարդ է, հետեւաբար կարող է փայլուն գիտելիքներ ու հմտություններ ունենալ բազմաթիվ բնագավառներում` սկսած աստվածաբանությունից, ավարտած տրակտոր վարելով: Եւ ոչինչ, որ վերջին դեպքում միայն Աստծո ողորմածության շնորհիվ զոհեր չեղան, ու վարչապետը հանգիստ «հագավ բորդյուրին»` շարքից հանելով նոր գյուղտեխնիկան: Կարեւորն այն է, որ Տիգրան Սարգսյանը կարծում է, թե ինքը տրակտոր վարել գիտի, կով կթել գիտի, երկրի տնտեսությունը կարգի բերել գիտի: Ընդ որում, ինչպես ցույց տվեցին վերջին տարիներին գրանցված երկրի տնտեսական ցուցանիշները, տրակտոր վարելը Տիգրան Սարգսյանի մոտ ավելի լավ է ստացվում:  Սակայն այսքանով մեր շատ սիրելի վարչապետի ձախողակ նախասիրությունները չեն ավարտվում: Նկատի չունենք բացառապես խմող մարդկանց հետ ընկերություն անելու` Տիգրան Սարգսյանի պապական  մոտեցումը: Ինչքան էլ որ երիտասարդության օրը Թաթայի համերգի ընթացքում վարչապետի լեզուն «փաթ էր ընկնում», հակված ենք ընդունելու ձայնային խոտանի մասին նրա բացատրությունները, քանի որ ինչ-ինչ, բայց խմել մեր վարչապետը կարողանում է: Ինչը չես ասի որս անելու մասին: Երեկ 7օr.am_ը տեղեկացրեց, որ Տիգրան Սարգսյանն օրերս  գնացել է որսի, եւ կա’մ խմելու ու որսի նախասիրությունները համատեղել է, կա’մ էլ պարզապես  «Հայկական աշխարհի» կայացման հերթական ռազմավարությունն է մշակելիս եղել, սակայն սխալվել է թիրախի ընտրության հարցում եւ հրազենային լուրջ վնասվածք հասցրել սեփական անվտանգության աշխատակցին` Արմեն Զատիկյանին: Թե ինչպես է դա տեղի ունեցել, դեռ պարզ չէ, քանի որ Հայաստանի` առանց բացառության հնարավոր բոլոր ատյաններից դեպքի մանրամասները  ճշտելու 7օr.am-ի բազմաթիվ փորձերն առայժմ ապարդյուն են անցել: Վերջիններս հավանաբար մտածում են, թե այս դեպքում կատարվածը խոտանի որ տեսակով կարելի է արդարացնել… Սակայն շատ մտածելու կարիք չկա, ամեն ինչ առանց այդ էլ պարզ է:




Լրահոս