ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՐՏԻ 1-Ը ՉԻ ԿՐԿՆՎԻ
Երեկ ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, Հնչակյան կուսակցության անդամ Վահան Շիրխանյանը, անդրադառնալով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» կառավարության ներկայացրած օրինագծին, նշել է, որ Հայաստանի ներքին զորքերը, անվտանգության ուժերը լիովին բավարար են երկրում կայունությունը պահպանելու համար, եւ բանակի ներգրավումն արտակարգ դրության պայմաններում անհրաժեշտ չէ: Շիրխանյանը հայտարարել է, որ արտակարգ դրության պայմաններում զորքը չպետք է միջամտի երկրի ներքին կյանքին, այլ ավելի զգոն պետք է դառնա սահմանին` արտաքին թշնամուց պաշտպանելիս: «Երկիրը պետք է ունենա արտակարգ դրության մասին օրենք»,-ասաց բանախոսը: Անդրադառնալով 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերին` Շիրխանյանը նշեց. «Ռոբերտ Քոչարյանն իրավունք չուներ ներգրավել զինված ուժերը»: Առաջիկա ընտրություններին 2008թ. մարտի 1-ի կրկնությունը նա քիչ հավանական համարեց.  «Հայաստանը կարող է արտակարգ դրության մեջ հայտնվել երկու դեպքում. սոցիալական ընդվզումների կամ այն դեպքում, եթե ղարաբաղյան խնդրում լինի ոչ հայանպաստ լուծում, բայց Ղարաբաղի դեպքում ոչ թե արտակարգ դրություն պետք է մտցվի, այլ ռազմական»:

ՄԵԿ ԷԼ ՏԵՍԱՐ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանը չի բացառում, որ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ինքը կարող է առաջադրվել մեծամասնականով ընտրակարգով` Գյումրու թիվ 35 ընտրատարածքից: «Ճիշտն ասած, դեռ քաղաքական որոշում չկա, սակայն չի բացառվում, որ առաջադրվեմ այդ թիվ 35 ընտրատարածքում, որտեղ ես շատ աշխատանքներ եմ տարել»,-երեկ ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Բալասանյանը: Նա նաեւ քննադատել է «Կանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը` ասելով` սարում մարդիկ չեն կարող իրենց կարտոֆիլը բանկային քարտի միջոցով վաճառել:

ԿԴԻՏԵՆ, ԿՍՈՎՈՐԵՆ
Մարտի 4-ին կայանալիք Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններին ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խմբի կազմում ընդգրկված են նաեւ ՀՀ Ազգային Ժողովի ներկայացուցիչները: Մասնավորապես, դիտորդական խմբի կազմում կլինեն ՀՀԿ-ական երկու պատգամավորներ` ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ու ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Նրանք դիտորդական առաքելություն կիրականացնեն համապատասխանաբար Սանկտ-Պետերբուրգում եւ Մոսկվայում:

ՓՈՐՁԸ ՓՈՐՁԱՆՔ ՉԷ
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` առաջիկա խորհրդարանական ընտրություններում Երեւանի Կենտրոն համայնքի ընտրատարածքներից մեկում իր թեկնածությունն է պատրաստվում առաջադրել «Նուշիկյան ասոցիացիա»-ի նախագահ Գարեգին Նուշիկյանը: Վերջինս խնամիական կապեր ունի Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Գուցե մի բան ստացվի:




Լրահոս