ՔՆՆԵ՛Ք ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԷԹԻԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքացի Ռոբերտ Նիկողոսյանը բաց նամակ է գրել` ուղղված ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանին:
«Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.08.2009թ. վճռով ամբողջովին բավարարվել է իմ հայցը, այն է` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ ՀՀ ԿԱ ՊԵԿ) նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից 27.08.2009թ. տրված թիվ Հ-02/145-Ա հրամանն անվավեր ճանաչելու, ինձ հարկային ծառայությունում (վերջին պաշտոնս եղել է Քանաքեռ Զեյթուն հարկային տեսչությունում որպես հարկային տեսուչ) վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, մինչեւ աշխատանքում վերականգնման օրը, միջին աշխատավարձը ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից գանձելու պահանջի մասին:
Ավելի քան երկուսուկես տարի է անցել դատական ակտի կայացման պահից, մինչդեռ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից դիտավորյալ չի կատարվում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի ոչ մի պահանջ:
Այսպես, մինչ օրս Գագիկ Խաչատրյանի կողմից չի ընդունվել 27.08.2009թ. տրված թիվ Հ-02/145-Ա հրամանը (հարկային ծառայությունից ինձ ազատելու վերաբերյալ) անվավեր ճանաչելու մասին համապատասխան իրավական ակտ:
Մինչ օրս ես չեմ վերականգնվել աշխատանքում:
ՀՀ ԿԱ ՊԵԿ-ն ինձ չի փոխհատուցել 09.12.2009թ.-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածի համար հարկադիր պարապուրդի գումարը` ավելի քան 3.300.000 ՀՀ դրամ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կ.Անդրեասյանի կողմից 28.09.2011թ.  կայացրած որոշմամբ (մարդու իրավունքների խախտում հայտնաբերելու եւ այն վերացնելու նպատակով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու առաջարկ ներկայացնելու մասին) իրավական գնահատական է տրվել ՀՀ ԿԱ ՊԵԿ գործողություններին, այն է` ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից դատական ակտը դիտավորյալ չկատարելու արդյունքում խախտվել են դիմումատու Ռ.Նիկողոսյանի իրավունքները:
Գտնում եմ, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ  նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից դատական ակտը դիտավորյալ չկատարելու շարժառիթը ՀՀ ԿԱ ՊԵԿ համակարգի կադրային ոլորտում տիրող համատարած կոռուպցիան է եւ հովանավորչությունը:
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից դատական ակտը չկատարելու  փաստերի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով բազմիցս դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին: Մինչ օրս ՀՀ գլխավոր դատախազությունը խուսափում է քրեաիրավական գնահատական տալ այդ պաշտոնատար անձի ապօրինի գործողություններին: ՀՀ գլխավոր դատախազության անգործության դեմ իմ բոլոր բողոքներն իրենց հերթին ՀՀ բոլոր դատարանները մերժում են` ՀՀ ԿԱ ՊԵԿ կոռումպացված պաշտոնատար անձի, այն է` ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի  բացահայտ թելադրանքով ու ազդեցությամբ  պայմանավորված: Ինչ վերաբերում է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի կոռումպացված լինելու հանգամանքին, ապա այն բազմիցս արծարծվել է մամուլում, եւ այդ թեմայով հրապարակումները երբեւէ չեն հերքվել:
Հարգելի’ պարոն Բաբայան, վերոգրյալից ելնելով` խնդրում եմ բարձրացված հարցը քննարկման առարկա դարձնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում»:

  Ռ. ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
07.02.2012թ.
Երեւան, Նոր Նորքի 3 զանգված, 33ա շենք, բն.5,
հեռ.` (010) 63 51 34, (091) 46 30 58




Լրահոս