ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 10-ին նախատեսված էր  Իջեւան համայնքի ավագանու նիստ, որը պետք է հաստատեր համայնքի 2012 թվականի բյուջեի նախահաշիվը, քաղաքապետարանի եւ դրա ենթակա հիմնարկների հաստիքացուցակները եւ պաշտոնյայի դրույքաչափերը, 2012թ. տեղական տուրքերի ու վճարների չափերը եւ այլն: Նշենք, որ այս նիստի օրակարգն ավագանու նախորդ` հունվարի 25-ի նիստի օրակարգն էր: Հունվարի 25-ին նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի կողմնակից ավագանու մի քանի անդամներ պատճառաբանել էին, որ նիստի վերաբերյալ ծանուցումներով նամակներն ուշացումով են ստացել եւ չեն հասցրել ծանոթանալ նիստի օրակարգին, ուստի չէին հաստատել հունվարի 25-ի նիստի օրակարգը:  Իջեւանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Մանուկյանը հայտնեց, որ այս անգամ 10 օր առաջ պատշաճ կերպով ավագանու անդամներին է ուղարկվել նիստի օրակարգը, նաեւ քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների տնօրենների գրավոր հաշվետվությունը: Սակայն փետրվարի 10-ին  ավագանու 13 անդամից 7-ը նիստին չէին ներկայացել: Ըստ օրենքի, եթե ավագանին չհաստատի համայնքի բյուջեի նախահաշիվը, ապա քաղաքապետարանն իրավասու է ծախսեր կատարել նախորդ տարվա բյուջեի համամասնությունների սահմաններում: Նկատենք, որ  ավագանի-քաղաքապետ հակադրությունն առկա է ոչ թե Տավուշի մարզի հեռավոր մի գյուղում, այլ մարզկենտրոնում, որից    տուժում են իջեւանցիները: Հարց է ծագում. Տավուշի  մարզպետ Արմեն Ղուլարյանը չի՞ ուզում, թե՞ չի կարողանում  հարթել քաղաքապետ-ավագանի հակասությունը: Ի դեպ, փետրվարի 10-ի նիստին չներկայացած ավագանու անդամներից մի քանիսը մարզպետարանի ենթակայության հիմնարկների տնօրեններ են:




Լրահոս