ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդար եւ թափանցիկ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իշխանությունների հավաստիացումները փետրվարի 12-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո հավասարվեցին զրոյի: Եթե իշխանությունների մոտ չկա գոնե այնքան քաղաքական կամք, որ նույնիսկ  ամենախուլ գյուղում  ընտրության իրավունքը վերապահվի այդ  գյուղի բնակչին,  համապետական ընտրությունները թափանցիկ անցկացնելու` այս իշխանության  քաղաքական կամքի մասին խոսելն անգամ ծիծաղելի է:
Կիրակի օրը Շիրակի մարզի 8 համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Թեժ ընտրապայքար էր սպասվում հատկապես Արթիկի տարածաշրջանի Պեմզաշեն, Նահապետավան եւ Տուֆաշեն համայնքներում: Հիշեցնենք` Պեմզաշենում գյուղապետի պաշտոնում ընտրվելու համար մրցակցում էին երեք թեկնածուներ` գործող գյուղապետ, ԵԿՄ անդամ Անանիկ Ոսկանյանը, հանրապետականներ Երվանդ Միքայելյանն ու Ալբերտ Պետրոսյանը:
Այս գյուղում տեղամասերի դիմաց վաղ առավոտից մարդկային ու ավտոմեքենաների կուտակումներ էին: Անգամ իրավապահներին չէր հաջողվում կարգ ու կանոն պահպանել: Արթուր Պետրոսյանը` Արթիկի ոստիկանապետը, տեսնելով, որ լրագրողներն արձանագրում են տեղի ունեցածը, որոշեց միջամտել եւ հավաքվածներին  հորդորել հեռանալ տեղամասերի դիմացից: Գյուղապետի պաշտոնում ընտրվելու ցանկություն հայտնած երեք թեկնածուներից ակտիվ էին հատկապես գործող գյուղապետ, ԵԿՄ վարչության անդամ Անանիկ Ոսկանյանի թիմակիցները: Նշենք, որ նա ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի սանիկն է: Գուցե սա էր պատճառը, որ Անանիկ Ոսկանյանը վստահորեն հայտարարում էր, որ ինքն է պաշտոնավարելու գյուղում` ո’չ ավել, ո’չ պակաս, մինչեւ 2030 թվականը:
 Իրենց վարչության անդամին սատարելու համար Պեմզաշենում էին տասնյակ երկրապահներ: Թե ինչու էին գործող գյուղապետի «ընկերները» գյուղ եկել շքեղ մեքենաներով եւ ցուցադրաբար խանգարում էին ընտրությունների նորմալ ընթացքը, Անանիկ Ոսկանյանը պարզաբանեց այսպես. «Ինչի՞, ուզում էիր, որ իմ ընկերները զապոյով լինեի՞ն: Իմ ապրած կյանքը թույլ է տալիս, որ իմ ընկերական շրջապատը մեծ լինի»: Մանվել Գրիգորյանի սանիկը նաեւ պնդում էր, որ իր մրցակիցներն ընտրություններին հաղթելու համար են անդամագրվել ՀՀԿ-ին  եւ հաղթելու շանսեր քիչ ունեն. «Հանրապետականը սարքել են իրանց համար որպես քաղաքական ուժ, բայց իրանք գոյություն չունեն Հանրապետական կուսակցության համար»:
Մինչդեռ հանրապետական Երվանդ Միքայելյանը պնդում էր, որ գյուղում առկա խնդիրները լուծելու համար է գնացել կուսակցական դառնալու քայլին եւ համոզված է, որ ՀՀԿ-ն կօգնի իրեն, որպեսզի ինքը վերընտրվի եւ ձեռնամուխ լինի համայնքի խնդիրների լուծմանը:
Գյուղապետի երրորդ թեկնածուին` հանրապետական Ալբերտ Պետրոսյանին,  գյուղում հանդիպել մեզ չհաջողվեց: Սակայն ամենազարմանալին այն էր, որ թիվ 36/01 ընտրատեղամասից վստահեցրին, թե Ալբերտ Պետրոսյանն օրեր առաջ ինքնաբացարկ է հայտարարել եւ դուրս եկել ընտրապայքարից: Մինչդեռ 36/02 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը նշեց, թե պայքարը ընթանում է 3 թեկնածուների միջեւ, եւ որ Ալբերտ Պետրոսյանն ինքնաբացարկ չի հայտարարել: Զրուցեցինք նաեւ Պետրոսյանի վստահված անձ  Արտակ Հայրապետյանի հետ, որն այդպես էլ չկարողացավ  հիշել` դուրս է եկել արդյոք իրենց թեկնածուն ընտրապայքարից, թե ոչ:
Այստեղ արձանագրեցինք դեպքեր, երբ ընտրողների հետ քվեախցիկին էին մոտենում  գործող գյուղապետի վստահված անձինք այն պատճառաբանությամբ, թե ընտրողը ծանոթ է եւ տեսողության հետ կապված խնդիրներ ունի: Կամ ծաղիկներ էին բաժանում` պատճառաբանելով, թե 18 տարին լրացած աղջիկներին են նվիրում  ընտրություններին  առաջին անգամ մասնակցելու  կապակցությամբ, մինչդեռ ծաղիկներն անգամ տարեց կանանց էին  բաժին հասնում: «Բացի ծաղիկից, այլ նվերներ չեն տալիս»,-նշեց թիվ 36/02 ԸԸՀ նախագահ Արկադի Թադեւոսյանը:
Պեմզաշենի գյուղապետ ընտրվեց Անանիկ Ոսկանյանը:
Իսկ Նահապետավան համայնքը տասը տարի ղեկավարած ՕԵԿ-ական Սաշա Վարդանյանն այս  անգամ  պարտություն կրեց: Նահապետավանի գյուղապետ ընտրվեց անկուսակցական 35-ամյա Գոռ Պետրոսյանը (345 ձայն): Ընտրական օրը գյուղում բավականին լարված էր: Իրավապահ  մարմիններն այստեղ էլ անելիք ունեին: Նշենք, որ անկուսակցական Գոռ Պետրոսյանն ընտրությունների օրը գյուղում չէր: Գնացել էր Արթիկ` նշելու իր հաղթանակը:
 Արթիկի տարածաշրջանի Գեղանիստ համայնքում եւս ՕԵԿ ներկայացուցիչ Արտյոմ Ալեքսանյանը պարտվեց: Գյուղապետ  ընտրվեց անկուսակցական Աղասի Ղազարյանը` հավաքելով 384 ձայն: Նշենք, որ Արթիկի տարածաշրջանն այն բնակավայրն է, որտեղ «Օրինաց երկիր» կուսակցությունը համեմատաբար ակտիվ էր: Մինչդեռ երկու բնակավայրում կայացած ընտրություններում էլ ՕԵԿ-ական թեկնածուները  պարտություն կրեցին:
Ինչ վերաբերում է մյուս համայնքներին, ապա Գառնառիճում հաղթող է ճանաչվել ՀՀԿ-ական թեկնածու Վանիկ Մանուկյանը (96 ձայն), իսկ Շիրակ համայնքում գյուղապետ է ընտրվել ՀՀԿ-ական Խորեն Հարությունյանը, ով պարտության է մատնել անկուսակցական Կարապետ Հակոբյանին: ՀՀԿ-ական թեկնածուներն են հաղթել նաեւ Շիրակի մարզի Վահրամաբերդ, Բասեն եւ Տուֆաշեն համայնքներում: 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս