ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Լսել եմ, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն 2012-ին  տուրիզմի հետ կապված ինչ-որ փաթեթ է մշակել: Դա ի՞նչ փաթեթ է, ու երբվանի՞ց կարող ենք դրանից օգտվել:

Մերի Առաքելյան, 22 տարեկան, դերասանուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Այս պահի դրությամբ գործում է մի փաթեթ դեպի Վրաստան: Մենք ոչ միայն տեղափոխում ենք ուղեւորին, այլեւ մատուցում ենք որոշակի տուրիստական բնույթի ծառայություններ, կազմակերպվում են միջոցառումներ, մասնավորապես ունենք մի ծրագիր` «Գինու տուր», որտեղ ուղեւորը, ձեռք բերելով այդ փաթեթը, հնարավորություն է ստանում մեկնել Թբիլիսի, այցելել մի շարք գինու գործարաններ, մասնակցել գինու դեգուստացիաներին եւ այլն: Իսկ ընդհանրապես «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ուղեւորափոխադրումների տնօրինությունը մշակել եւ հաստատել է երկաթուղային տուրիզմի զարգացման կոնցեպցիա, որը ներկայացվել է նաեւ մի շարք տուրիստական ընկերությունների: Այս պահի դրությամբ մենք արդեն ունենք առաջարկներ մի շարք երեւանյան տուրիստական ընկերություններից, որոնք հավանություն են տվել եւ պատրաստակամություն հայտնել մասնակցելու այդ ծրագրին: Այն հիմնականում ակտուալություն է ձեռք բերում ամառային ուղեւորափոխադրումների ժամանակահատվածում: Մենք պլանավորում ենք զարգացնել այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են Երեւան-Բաթում-Սոչի, Երեւան-Բաթում-Ղրիմ, Երեւան-Բաթում ու մի շարք թուրքական նավահանգիստներ: Ուղեւորը միանգամից ձեռք է բերում 1 տոմս, որը նրան հնարավորություն է տալիս ճանապարհորդել նշված կետերով: Այսինքն` ուղեւորը հասնում է Բաթում, այնուհետեւ նավով շարունակում է իր ճանապարհորդությունը: Նավով, քանի որ միջպետական երկաթուղային հաղորդակցությունը մեզ մոտ այդքան էլ զարգացած չէ, հետեւաբար մենք ստիպված ենք օգտագործել այն ռեսուրսները, որոնք ունենք այս պահի դրությամբ: Այս ծրագիրը նորություն է, բայց այդ ուղղությամբ անցած տարի մենք փորձ ձեռք բերեցինք: 2011-ին 30 ուղեւոր արդեն տեղափոխել ենք Սոչի եւ մինչեւ Օդեսա, այս ծրագիրը ցույց տվեց, որ ամռանն այն կարող է լավ աշխատել:
Երկաթուղային զարգացման տուրիզմի կոնցեպցիան իր մեջ ներառում է ոչ միայն միջպետական, այլեւ ներհանրապետական տուրիզմի զարգացումը: Անցած տարվա աշնանը եւ ամռանը մի շարք տուրիստական կազմակերպությունների հետ մենք այցելեցինք Հայաստանի պատմամշակութային նշանակություն ունեցող վայրեր, որոնք գտնվում են երկաթուղու ենթակառուցվածքի մոտ: Մասնավորապես այցելեցինք Հաղպատ, Սանահին:  Եւ արդեն պայմանավորվածություն կա դպրոցների, բուհերի հետ աշխատելու ուղղությամբ, որպեսզի աշակերտները, ուսանողները այդ ծրագրի շրջանակներում կարողանան այցելել այդ վայրերը: Դրա համար մենք ձեռք ենք բերել պլացկարտային վագոններ: Դրանք ամբողջությամբ նոր են, բերվել են Ռուսաստանից, եւ հենց այդ պլացկարտային վագոններն էլ առաջին անգամ կշահագործվեն այդ ուղղությամբ: Մեծ պահանջարկ ունի ամռանը գործող Երեւան-Շորժա երթուղին, որով ուղեւորներին տեղափոխում ենք Սեւան:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հասարակայնության
 հետ կապերի ծառայության պետ Վահե Դավթյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բնական է, որ վաղ, թե ուշ «Հարավկովկասյան երկաթուղի»-ն որոշակի զբոսաշրջային ծառայություններ մատուցելու մասին նույնպես պետք է մտածեր, քանի որ եթե իր միջոցով ուղեւորափոխադրումներ իրականացնող տասնյակ տուրիստական ընկերություններ նմանատիպ ծառայություններ են մատուցում, ապա ակնհայտ է, որ  ուղեւորափոխադրող կառույցն ինքը եւս կփորձեր զբաղվել դրանով:




Լրահոս